Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունը չի ապացուցել իրավախախտման փաստը. ՀՔԱՎ

2016 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վարած ավտոմեքենան և հայտարարելով, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, նրան 7000 ՀՀ դրամով տուգանելու որոշում են կայացրել: Համաձայն չլինելով կայացված որոշմանը և համարելով, որ այն ենթակա է վերացման, Ա. Զալյանը 2016 թ. դեկտեմբերի 28-ին դրա դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան:

Հայցով հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ ՃՈ աշխատակիցները տուգանքի վերաբերյալ որոշում կայացնելու հիմքում որևէ ապացույց չեն դրել, իսկ ապացույցի բացակայության դեպքում այդ որոշումն անվավեր է: ՀՀ Վարչական դատարանը, քննության առնելով ներկայացված հայցադիմումը, 2017 թ. հուլիսի 25-ին կայացրել է այն բավարարելու մասին որոշում: Իր վճռով Դատարանն արձանագրել է, որ «որպես իրավախախտման փաստի հաստատմանն ուղղված ապացույց դատարանին է ներկայացվել միայն իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը, որն ինքնին դեռ բավարար չէ հայցվորին վերագրվող արարքի իրողություն լինելու հանգամանքը հաստատված համարելու համար»:

Եվ հավելել է, որ Ճանապարհային ոստիկանությունը, կրելով իր որոշման հիմքում դրված փաստական հանգամանքների ապացուցման բեռը, չի ապացուցել դրանց առկայութունը, մասնավորապես` Արայիկ Զալյանի կողմից թույլատրելի արագությունը 7 կմ/ժ-ով գերազանցելու փաստը: Այս հիմնավորմամբ Դատարանն անվավեր է ճանաչել ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտը` Ճանապարահային ոստիկանության վրա դնելով 4000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս