Բաժիններ՝

«ԴիջիԹեք-2017»-ն աննախադեպ կլինի. ի՞նչ նորություններ են սպասվում ցուցահանդեսում

«ԴիջիԹեք-2017» միջազգային ցուցահանդեսը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին՝ համախմբելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք հանրությանը կներկայացնեն ՏՏ ոլորտի նորագույն ձեռքբերումները։

«ԴիջիԹեք» ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է: «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսը տարիների ընթացքում իսկական տոնի և ՏՏ ոլորտի ստուգատեսի է վերածվել տեխնոհասարակության համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և հովանավոր՝ «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը  խոսել են միջազգային ցուցադրության նորությունների մասին:

Եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տեխնոհսկաների, նորաստեղծ և այլ ընկերությունների, ու անգամ՝ դպրոցականների նորարար պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները: Կանցկացվի ռոբոտների 10-րդ առաջնությունը, եռաչափ մոդելավորման մրցույթ, և այլն:

«ԴիջիԹեքն» այս տարի աննախադեպ կլինի միջազգային ընկերությունների և պատվիրակությունների մասնակցությամբ ու լայն աշխարհագրությամբ. Ճապոնիա (Հայ-ճապոնական ֆորում), Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Կանադա, Անգլիա, ՌԴ, Շվեդիա, Ավստրիա, Գերմանիա, Հունաստան, Լատվիա, Լիտվիա, Բելառուս, Ուկրաինա և այլն:

«ԴիջիԹեքի» շրջանակում անցկացվում են մի շարք սեմինարներ, ինչպես՝ տեղական առաջատար, այնպես էլ՝ միջազգային ընկերությունների կողմից (Joomag, Nextury Ventures- Ilja Laurs, Cananadian Showcase, UFAR, ARPA, Benivo-Dmitry Brodsky, Arnaud Belhamou և այլն):

Գործում է նաև DigiTec Expo բջջային հավելվածը, որը կօգնի կողմնորոշվել «ԴիջիԹեքի» բոլոր միջոցառումներում, ինչպես նաև գտնել մասնակից ընկերությունների թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, նշանակել հանդիպումներ և այլն:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այս տարիների ընթացքում «ԴիջիԹեքը» վերածվել է նաև միջազգային խոշոր հարթակի: Ուրախ ենք, որ հայկական այս հարթակում հյուրընկալում ենք ինչպես՝ տեղական, այնպես էլ՝ միջազգային ընկերությունների ու պատվիրակությունների, և աջակցում տեխնոլոգիական նոր համագործակցությունների ստեղծմանը»:

«Այն բոլոր նորարարական առաջարկները, որոնց մասին Ucom ընկերությունը հայտարարել է նախորդ տարվա «ԴիջիԹեքին», այս տարի արդեն հասանելի են զանգվածային շուկայի համար: Դրանք են U!Pay վիրտուալ դրամապանակը, MediaRoom շարժական հեռուստատեսությունը, U!Cloud ամպային լուծումները և այլն: Այս տարի Ucom-ը հանդես է գալիս հեղափոխական` «Ունիվերսալ Պլյուս» առաջարկով՝ մեր բաժանորդներին ընձեռելով բացառիկ հնարավորություն մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում: Նմանօրինակ առաջարկների աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր»,- նշում է «ԴիջիԹեքի» պլատինե հովանավոր, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«ԴիջիԹեք 2017»-ի հովանավոր, «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը նշում է. ««ԴիջիԹեք» ներկայացվող, հայկական տեխնոլոգիական մտքի վերջին նվաճումները կապացուցեն բոլորին, որ ինովացիոն տնտեսության ստեղծման հեռանկարը շատ մոտ է, հարկավոր է միայն հավակնոտ լինել, հավատալ ուժերին, քայլ առ քայլ իրականացնել այն, ինչ թվում է դժվար, անիրականանալի։ Ժամանակն է ոչ միայն խոսելու, այլև ցույց տալու այն տեխնոլոգիական լուծումները, որոնք հնարավոր են դարձնում թռիչքային զարգացումներ մի շարք շուկաներում։ Դրանց թվին ենք դասում նաև OTT թվային հեռուստատեսության և բովանդակության լուծումները, որ կներկայացնենք «ԴիջիԹեքում»»։

«ԴիջիԹեքն» իրականացվում է 2005 թ.-ից, ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: «ԴիջիԹեք 2017»-ի պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, հովանավորն է «Արփինետ» ընկերությունը,  պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: Այս տարի ակնկալվում է շուրջ 150 մասնակից ընկերություն և 70 000 այցելու:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս