«Հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները». «Artyom’s»-ը պարզաբանում է
«Միսս Արմենիա» մրցույթի հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո: Այս մասին հայտարարություն է տարածել «Artyom’s» ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում։
«Ի պատասխան մեր ընկերության և «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի շուրջ ծավալված բազմաթիվ քննարկումների՝ ներկայացնում ենք «Artyom’s» ընկերության պատասխանը:
«Artyom’s» ընկերությունը հանդես է եկել որպես մրցույթի հովանավոր, ինչն իրենից ենթադրում էր փոխշահավետ համագործակցություն մեր ընկերության և կազմակերպիչների միջև: Պայմանավորվածության մեր մասը լիարժեք կատարվել է, ոչ մի դժգոհություն կազմակերպիչների կողմից մեր հասցեին չի հնչել: Ինչը, ցավո՛ք, չենք կարող ասել կազմակերպիչների մասին: Հասկանում ենք, որ նման մրցույթի կազմակերպչական գործընթացը որոշակի բարդություններ է ենթադրում, սակայն դա չպետք է անդրադառնա հովանավորի շահերի վրա: «Միսս Արմենիա» միջոցառման պարագայում թագը պատրաստվել է հովանավորչական փաթեթի շրջանակներում՝ ծառայություն ծառայության դիմաց: Հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո:
Ընկերության դեմ իրականացվող ֆեյսբուքյան «ֆլեշմոբ»-ը արդյունք չի տալու, մենք ունենք մեր հստակ սկզբունքները, որոնց չենք դավաճանի ոչ մի ճնշման պարագայում: Ցանկացած հարցերի առկայության դեպքում կարող եք այցելել Խորենացի 24 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կընդունենք և առերես կպատասխանենք բոլոր հարցերին առանց բացառության:
Իսկ ընկերության մասին ապատեղեկատվություն տարածելու կամ վիրավորանքներ հնչեցնելու պարագայում մենք ստիպված կլինենք դիմել համապատասխան քայլերի:
Մենք միշտ բաց ենք աջակցելու տարատեսակ իրադարձություններին՝ լիարժեք կատարելով մեր ստանձնած պարտավորությունները, բայց երբեք թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները»,- ասված է ընկերության պատասխանում։