Բաժիններ՝

Հաշվեհարդար Շիրակի պետական համալսարանի գիտակ դասախոսների հանդեպ

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը հանդես են եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված բաց նամակով, որում մասնավորապես ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, պարոն վարչապետ, Շիրակի պետական համալսարանի ներքոստորագրյալ աշխատակիցները վրդովմունքով հայտնում են, որ ռեկտոր Սահակ Մինասյանը 1 տարի շարունակ ավերում է բուհը՝ հանուն սեփական շահադիտական նպատակների: Հարկավ, այս նամակում տեղի և ժամանակի սղության պատճառով չենք կարող անդրադառնալ ռեկտորի բոլոր կամայականություններին, որոնց պատճառով համալսարանում ուսումնական գործընթացը խաթարված է, դասախոսների և ուսանողների աշխատանքային ու կրթական ապագան էլ՝ վտանգված: Ստորև անդրադառնում ենք միայն մի քանի հարցերի:

Գիտության հետ ոչ մի կապ չունեցող, երբևէ լսարան չմտած ռեկտորը, ոչինչ չհասկանալով ուսումնական պլաններից և դասաբաշխումներից և շարժվելով երկակի ստանդարտներով, անձամբ է կատարում դասաբաշխումները, հաշվի չառնելով դասավանդվող առարկաների մասնագիտական ուղղվածությունը և տվյալ դասախոսի մասնագիտացումը: Փաստորեն, ըստ ռեկտորի, ցանկացած դասախոս կարող է դասավանդել ցանկացած առարկա, իսկ համապատասխան հմտություններ և գիտելիքներ տվյալ առարկայից պետք չեն: ՀՀ ոչ մի բուհի ռեկտոր երբեք իրեն թույլ չի տա դասաբաշխում կատարել:

Այս հարցերի մասին պատրաստ ենք տեղում էլ ավելի ճչացող կամայականություններ ներկայացնել: Աղքատ մարզում և քաղաքում, առանց աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու, առանց մասնագիտական, գործնական հիմնավորման՝ բակալավրիատում և մագիստրատուրայում կատարվեց անվճար ուսուցման տեղերի, միայն ռեկտորի համար ընդունելի բաշխում, մեծ չափով բարձրացվեցին վարձավճարները, երբ դրա կարիքը չկար: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել: Հեռակա և առկա ուսուցման վարձավճարները հավասարեցվեցին, այն դեպքում, երբ հեռակա ուսուցման տևողությունը 5 տարի է,  առկայինը՝ 4 տարի: Հեռակա ուսուցման վարձավճարները բարձրացնելուց հետո կազմակերպվեց, այսպես կոչված, ինտեգրված ուսուցում առկա ուսուցման հետ, որպեսզի դասախոսներին չվճարեն և զբաղվեն շինարարությամբ ու էլ չգիտենք ինչերով:

Կարդացեք նաև

Հիմնովին փոխվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները` ստեղծելով լուրջ խառնաշփոթ: Առաջին կուրսերի ուսումնական պլանների հետ՝ փոխվեցին նաև II-IV-րդ կուրսերի և մագիստրատուրայի II-րդ կուրսի պլանները, ինչի հետևանքով ուսանողները դժգոհում են, որ նույն առարկաները երկրորդ անգամ են անցնում, իսկ կարևոր առարկաները տեղափոխվել են նախորդ կուրս, իսկ ուսանողը բաց է թողնում տվյալ դասընթացը: Կուրսերի մեծ մասը թերբեռնված են, սակայն 10 հոգանոց խմբերում ևս ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում, ինչի պատճառով կրթական ծրագրի վերջնարդյունքները չեն կատարվում: Նույնիսկ առկա-հեռակա ինտեգրված ուսուցման ժամանակ, երբ կուրսերում ուսանողների քանակն ավելանում է, կրկին ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում: Նպատակը պարզ է՝ չվճարել դասախոսին և զբաղվել շինարարությամբ ու յուրայիններին բարձր աշխատավարձ տալով: Այս պայմաններում կուրսերի մեծ մասը 2-3 օր է դասի գալիս: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել: Մեկ տարի չանցած` հայտարարվեց, որ նախկին ռեկտորից մնացած 500 միլիոն դրամն այլևս չկա, բյուջեն ճեղքվածք է տվել»,- ասված է բաց նամակում:

Նամակում նշված է նաև, որ կատարվում է հսկայածավալ շինարարություն, որի անհրաժեշտությունը համալսարանը չունի։ Մեջբերում ենք.

«Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ (ռեկտորն անընդհատ հայտարարում էր, որ Համաշխարհային բանկի միջոցներով է շինարարությունը կատարվում, ու միայն վերջերս համալսարանի կայքում տեղեկատվություն տարածվեց, որ համալսարանն էլ է մասնակցում շինարարության ֆինանսավորմանը) դահլիճն է վերակառուցվում, որն արժե ավելի քան 100.000.000 դրամ: Համալսարանում, վերջինիս դպրոցում ու քոլեջում բուֆետներն են հիմնանորոգվում: Համալսարանի բուֆետի հիմնանորոգումը համալսարանի բյուջեի համար արժեցել է 25.000.000-ից ավելի գումար:

Բուֆետի աշխատակիցների աշխատավարձը վճարում է համալսարանը: Հետևությունները թողնում ենք Ձեզ: 500.000 միլիոն դրամը նախատեսված է եղել ուղղել աշխատավարձերի վճարմանն այս և հատկապես հաջորդ տարի, քանի որ հաջորդ տարի դիմորդների թիվը խիստ նվազելու է: Համալսարանի գրադարանային ֆոնդն անխնա ոչնչացվեց, գրքերը համարվեցին առողջության համար վտանգավոր, գրապահոցները գրքերից ազատվեցին, որպեսզի գրախանութ դառնան: Իհարկե, այս ամենը կատարվում է ռեկտորի սեփական շահերի համար:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բակալավրիատի ներբուհական և մագիստրատուրայի ընդունելությունները կազմակերպվեցին խայտառակ ձևով: Մեկ փաստ. իրավագիտության մագիստրատուրա ընդունվեցին բազային կրթությամբ բակալավրի քիմիա, կենսաբանություն, բնապահպանություն մասնագիտությամբ շրջանավարտներ, ովքեր, իբր երեք լրացական դասընթացներով լրացնելու են մասնագիտական բացը և մի քանի տարի արդեն պրակտիկ իրավաբաններ են: Ռեկտորը հայտարարում է, որ կրթության որակով չենք զիջելու ԵՊՀ-ին, երբ վերջինս նույն իրավագիտության մագիստրատուրա ընդունում է միայն իրավագիտության որակավորում ունեցող բակալավրի շրջանավարտներ»:

Բաց նամակում նաև շեշտվում է, որ ռեկտորն իր բարեկամ-մտերիմների համար նշանակել է հսկայական աշխատավարձեր, որոնք բուհական համակարգից անչափ հեռու են:

«Համալսարանի ուսանողներին բարձր աշխատավարձով նշանակում է այս կամ այն հաստիքին, որոնք աշխատանքային ոչ մի հմտություն չունեն: 2500 ուսանող ունեցող բուհում ռեկտորի մտերիմները ոչ մի բան անելու համար ստանում են 300.000-400.000 դրամ: Նման շռայլություն հանրապետության նախագահն ու վարչապետն իրենց թույլ չեն տալիս օգնականների, խորհրդականների համար: Իսկ եթե փորձես գումար խնդրել գիտաժողովներին մասնակցելու համար, անմիջապես կհայտարարի, որ գումար չկա, գիտաժողովին մասնակցելու իմաստը ո՞րն է:

Համալսարանում 1937 թվականն է: Բարոյահոգեբանական մթնոլորտը չափազանց ծանր ու լարված է: Իր մտերիմների միջոցով տոտալ վերահսկողություն է սահմանում մտավորականի կերպարը պահող աշխատակիցների նկատմամբ, թե ով ուր գնաց, ում հետ խոսեց: Ռեկտորի հետ շփվել հնարավոր չէ, ամբողջ օրն ինտրիգների, բանսարկությունների մեջ է, սրում է միջանձնային հարաբերությունները, ահաբեկում է «բռնել տալ»-ով, կոմպրոմատներ ունենալով:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ, խնդրում և պահանջում ենք ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել համալսարանում` ռեկտորի և նրա հովանավորների ազդեցությունը ստուգումների արդյունքի վրա բացառելով: Պատրաստ ենք նաև այլ աղաղակող բացահայտումներ անել: Մտածենք սերնդի մասին»,- ասված է բաց նամակում:

Նշենք նաև, որ քիչ առաջ  Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանն իր ֆեյսբուքյան էջում կատարեց հետևյալ գրառումը.

«ՇՊՀ ռեկտորի առաջին «դաժան» հաշվեհարդարը Հովհաննես Խորիկյանի նկատմամբ հնազանդ գիտական խորհրդի կողմից ամբիոնի վարիչի պաշտոնում անվստահություն հայտնելն է: Նախ, ես հրամանով մինչև նոյեմբեր պաշտոնակատար եմ, այսինքն՝ գիտխորհրդի կողմից ընտրված չէի, որ անվստահություն հայտնեին, երկրորդ՝ գիտական խորհրդի անդամ ինձ ընտրել էր ֆակուլտետի խորհուրդը: Սա է համալսարանի գործունեությունը… պատժել, պատժել»:

168.am-ը փորձեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանից հետաքրքրվել, թե ինչո՞վ կբացատրի բուհում ստեղծված իրավիճակն ու դասախոսների դժգոհությունը:

– Քիչ  հետո հայտարարություն կլինի, բոլոր կայքերը կտարածեն,- մեզ հետ զրույցում նշեց Ս.Մինասյանը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս