«Մի՛ եղեք այդքան երախտամոռ». Վահրամ Մարտիրոսյանը՝ ռուսներին

«Շատ հետաքրքիր գործընթացներ են սկսվել, աննախադեպ հարձակում է հայոց լեզվի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրող Վահրամ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի ակադեմիայի համար հատկացված շենքը վերածվել է ռուսական լիցեյի, որտեղ, ըստ նրա, շատ մեծ բիզնես շահ կա: Վ. Մարտիրոսյանը նշեց, որ շենքը «կոպեկներով» վաճառվել է՝ 15 հազար դոլարի կարգի գումարով, այնինչ, 100-ապատիկ մեծ շահույթ են ստանալու այս գործարքի արդյունքում:

«Ռուսները մեզ հետ այսպես են վարվում ՝ ինչ որ մի բան եղավ, դուրները չեկավ՝ «մենք ձեզ պետք է պատժենք»: Հայաստանում դիմադրություն կա, որ ռուսերենը պաշտոնական լեզու հռչակվի, ուրեմն՝ իրենք պետք է Լազարյան ճեմարանը փակեն հայերի համար: Իրենք ուզում են՝ Հայաստանում բնակվող 3 միլիոն հայ խոսեն իրենց լեզվով, բայց իրենց սրտին չի նստում, որ 300 հայ երեխա Մոսկվայում ռուսերեն խոսի: Աննախադեպ մի բան է»,- նշեց Վ. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադառնալով Լազարյան ճեմարանի օպտիմալացման խնդրին՝ նշել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Ռուսաստանի կրթության նախարարը, նրան նախ շնորհակալություն են հայտնելու դպրոցի գոյությունը պահպանելու համար և քննարկելու են դրա հետագա ճակատագրի հարցը. «Իրենք այսօր գործող դպրոց են: Որ վտանգ կա՝ կարող է: Դրա համար այս այցի կետերից մեկը դա է լինելու»:

Կարդացեք նաև

Վ. Մարտիրոսյանի խոսքով՝ քանի որ Սովետական Միության ժամանակ մեր պատմությունը մեզանից խնամքով թաքցրել են, մենք չգիտենք, թե Լազարյաններն ովքեր են և ինչ են արել ռուսական պետության համար: Նա թվարկեց մի քանի բան, որ այդ ընտանիքն արել է ռուսական պետության համար.

«Լազարյանները Մոսկվայում բացել են մեծ մետաքսագործական ֆաբրիկա, բացի դրանից, Հովհաննես Լազարյանը 19-րդ դարի սկզբում բացել է ռուսական օրիորդաց լիցեյ, շատ առաջադեմ մարդ էր, Լազարյան ճեմարանը բացելուն զուգահեռ՝ ռուս օրիորդներին կրթել է, որի արդյունքում՝ ռուսական մշակույթի ծաղկումն է եղել, որովհետև ֆրանսերեն էին խոսում ռուս ազնվականությունը: Ուզում եմ ասեմ՝ մի՛ եղեք այդքան երախտամոռ, մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով, որովհետև ուժի կիրառումը ծնում է հակահարված»:

Տեսանյութեր

Լրահոս