«Ռինգում լսում եմ ողջ աղմուկը և բոլորին». Նարեկ Աբգարյան
Բռնցքամարտը եղել և մնում է հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո բռնցքամարտի հավաքականի մի քանի մարզիկների համար սկսվեց նոր փուլ` պրոֆեսիոնալ բռնցքամարտում իրենց փորձելու հնարավորության փուլ: Նրանցից մեկը հավաքականի անդամ Նարեկ Աբգարյանն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբգարյանը անկեղծորեն խոսեց անցած ուղու, Օլիմպիական խաղերի, պրոֆեսիոնալի ռինգի և առաջիկա անելիքների մասին:
-Նարեկ, կպատմե՞ք, թե ինչպե՞ս և ե՞րբ եք սկսել զբաղվել բռնցքամարտով:
-Բռնցքամարտով սկսեցի զբաղվել 7 տարեկանից: Ավագ եղբայրս էր հաճախում բռնցքամարտի մարզումների, այդ մարզաձևի մասին շատ էր խոսվում մեր տանը, քանի որ հայրս էլ, հորեղբայրս էլ ժամանակին զբաղվել են այդ մարզաձևով: Հորեղբայրս անգամ Խորհրդային Միության երիտասարդների չեմպիոն է եղել: Սկզբում միայն մայրս էր, որ դեմ էր, քանի որ ինքն ինձ դաշնամուրի էր տանում: Ես փոքր տարիքում դաշնամուր էի նվագում:
-Հիմա արդեն պրոֆեսիոնալ ռինգում եք: Ինչո՞ւ որոշեցիք թողնել սիրողական ռինգը:
-Սիրողական բռնցքամարտիկի համար գալիս է մի տարիք, երբ գիտակցում ես, ֆինանսական տեսանկյունից և հայտնի լինելու տեսանկյունից, որ պետք է տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ: Ոչ Արթուր Աբրահամը, ոչ Վիկ Դարչինյանը չէին դառնա այսքան հայտնի, եթե լինեին միայն աշխարհի չեմպիոններ սիրողական բռնցքամարտում:
-Ոչ Վիկը, ոչ Արթուրը Հայաստանում չեն հասել այդ բարձունքներին… Դուք տեսնո՞ւմ եք ձեզ համար այդ հեռանկարը:
-Ես հիմա մարզվում եմ Հայաստանում, իմ մարզիչը ազգային թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն է: Մենք Հայաստանից ենք, ներկայացնում ենք մեր երկիրը, բայց աշխատում ենք մոսկովյան բռնցքամարտի ակումբի հետ:
-Նարեկ, կցանկանայի, որ խոսեինք Եվրոպայի անցած առաջնության մասին: Տպավորություն կար, որ ինչ-որ բան չբավարարեց ձեզ: Ի՞նչը…
-Ժամանակը: Օլիմպիական խաղերից հետո սկսեցի մարզվել ուրիշ` պրոֆեսիոնալ ռինգի ծրագրով: Սիրողականի և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մարզումները բացարձակապես տարբեր են: Պրոֆեսիոնալը մարզվում է երկար ռաունդների համար, սիրողականը` 3 ռաունդի համար միայն: 3 ռաունդ, որ ամեն ինչ տաս՝ ինչ ունես, ամբողջ բազան ներդնես: Ես մտել էի պրոֆեսիոնալ ռինգ, և հենց դա էլ խանգարեց:
-5 մենամարտ եք անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Ի՞նչ են տվել ձեզ այդ մենամարտերը:
-Ամեն մի մենամարտից հետո՝ մեծ փորձ: Սկսում ես քեզ ավելի վստահ զգալ, լավ պատկերացնել շոուն և շրջապատող ամեն ինչ: Առաջին մենամարտում ամեն ինչ խորթ էր, մեծ էկրանին դու ես, և այս ամենն անսովոր է: Բայց աստիճանաբար ամեն ինչ հունի մեջ է ընկնում:
-Օլիմպիական խաղերից անցել է մեկ տարի: Ի՞նչ մնաց ձեր մեջ այդ Խաղերից հետո:
-Ռիո բառը լսելիս նախ ուրախանում եմ, իսկ մեր մենամարտը ոչ ճիշտ դատելը ինչ-որ պահի հիասթափեցնում է, բայց ես այն մարդկանց տեսակից չեմ, որ կոտրվեմ կամ կանգ առնեմ: Հակառակը՝ հիմա ձգտում եմ ավելի ու ավելի բարձրանալ: Բաքվի Եվրոպական խաղերում էլ նույն խնդիրն էր, մեդալի համար մենամարտում մրցավարները սխալ դատեցին, բայց ինչ եղել, եղել է:
-Իսկ հնարավո՞ր է Տոկիո-2020- ում ձեզ տեսնենք կրկին օլիմպիական ռինգում:
-Հնարավոր է:
-Նարեկ, ռինգում ո՞ւմ ձայնն եք լսում առաջինը:
-Ես լսում եմ ամբողջ աղմուկը, բոլորին: Քանի որ նյարդերս նորմալ վիճակում են: Իհարկե, ռինգում ամեն ինչ գիտակցում եմ, առաջին հերթին լսում եմ իմ անկյունը, իմ մարզչին: Որքան էլ իրավիճակը լավ հասկանաս, միշտ էլ խորհրդի կարիք կա: Կենտրոնանում եմ մարզչիս խոսքերի վրա:
-Եթե բռնցքամարտը չլիներ, ինչո՞վ կզբաղվեիք:
-Երևի, բակում նարդի կխաղայի (ծիծաղում է):
-Կպատմե՞ք ձեր առաջիկա պլանների մասին, եր՞բ կկայանա հաջորդ մենամարտը:
-Հաջորդ մրցակիցս ուկրաինացի է: Մենամարտը լինելու է Մոսկվայում սեպտեմբերի 30-ին: Հիմա սկսել եմ նախապատրաստվել, քաշս եմ նորմայի բերում: Տեղյակ եմ, որ մրցակիցս 5 մենամարտից 1-ում պարտվել է, 3 հաղթանակ է տարել և մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի:
–Նարեկ, մի քանի բլից հարցեր: Սո՞ւրճ, թե թեյ:
-Սուրճ:
-Սև՞, թե սպիտակ:
-Սև:
-Ֆուտբո՞լ, թե թենիս:
–Ֆուտբոլ:
-Մեսսի՞, թե Ռոնալդու:
–Մեսսի:
-Թո՞մը, թե Ջերին:
-Ջերին:
-Պիցցա՞, թե պաղպաղակ:
–Պիցցա:
-Ալի՞, թե Մեյվեզեր:
-Ալի:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Նարեկ Աբգարյանի անձնական արխիվից և Տաթև Դուրյանի