«Թուրքիան հակաքրդական դիրքորոշում է որդեգրել, և երևում է, որ սա շարունակվելու է». Էրոլ Քաթիրջօղլու
«Ինչպես գիտեք, քրդական հարցը համարվում է Թուրքիայի ներքին հարցը, սակայն Իրաքի և Սիրիայի վերջին զարգացումները, քրդական շարժումներն այնտեղ այս խնդիրը, կարծես, Թուրքիայի համար դարձնում են ոչ թե ներքին, այլ միջազգային հարց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Թուրքիայից ժամանած ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլուն՝ խոսելով Իրաքի Քուրդիստանում անցկացվելիք հանրաքվեի մասին:
Նա նկատեց, որ Թուրքիան ներքին քաղաքականության մեջ քրդական հարցի վերաբերյալ կոշտ դիրքորոշում էր որդեգրել, և, ըստ նրա, այդ դիրքորոշումը շարունակվում է:
«Այդ պատճառով էլ գնալով անհանգստացնում են Իրաքի և Սիրիայի քրդական շարժումները: Վերջին ժամանակաշրջանում, կապված հանրաքվեի հետ, բավականին սպառնալից հայտարարություններ էր հնչեցնում կառավարությունը: Նույնիսկ Ազգային անվտանգության խորհրդի նիստը գումարվեց ժամանակից շուտ, որպեսզի զինվորականության հետ ճշտեն, թե հանրաքվեի կայացման դեպքում ի՞նչ քայլեր են ձեռնարկելու: Թուրք հասարակության մեջ հանրաքվեի հետ կապված առկա են տարբեր դիրքորոշումներ: Կարող ենք ասել, որ Թուրքիայի քրդերը և ժողովրդավարական ուժերը կողմնակից են, որպեսզի հանրաքվե իրականացվի, սակայն հասարակության մյուս զանգվածը պաշտպանում է կառավարության տեսակետն առ այն, որ Հյուսիսային Իրաքում ստեղծվելիք քրդական պետությունը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել Թուրքիայի համար:
Ռազմական տեսանկյունից միջամտությունն այնքան էլ իրատեսական չէ, բայց Թուրքիան կփորձի նաև այնտեղ թուրքմենների առկայությունն օգտագործելով՝ ինչ-որ դիվանագիտական ճանապարհներով միջամտել: Եթե համառոտ ասենք, Թուրքիան հակաքրդական դիրքորոշում է որդեգրել, և երևում է, որ սա շարունակվելու է»,- նշեց Էրոլ Քաթիրջօղլուն: