«Միայն հանցագործ մարդիկ կարող են ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկություններ անել». Մոսկվաբնակ քաղաքագետը՝ «Ելքի» նախաձեռնության մասին

168.am-ի զրուցակիցն է Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը

– Պարոն Միհրանյան, Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ է հանդես եկել: Ինչպե՞ս եք գնահատում դա:

– Այդ առաջարկն անողները քաղաքական իմաստով բոբիկ մարդիկ են, որովհետև այսօր բոլորը կռվում և մրցակցում են շուկաների համար: Հայաստանի համար Ռուսաստանը և այդ տարածքը մի անծայրածիր շուկա է, ինքնակամ հրաժարվելն այդ շուկայից, այդ հնարավորություններից, որոնք ստեղծվում են, ուղղակի միայն հանցագործ մարդիկ կարող են այդ մասին առաջարկություններ անել՝ առանց հաշվելու: Եթե նրանք ասեին՝ այստեղից մենք դուրս ենք գալիս, բայց մտնելու ենք՝ այստեղ, որը մեզ բերելու է սա, սա, սա, և դա համոզիչ կլիներ, առաջինը ես կասեի՝ իհարկե: Եթե դու չգիտես՝ ինչ կլինի հետո, մի առաջարկի, որովհետև դու կարող ես վատը վատթար դարձնել: Բոլոր քաղաքական գործիչները, որոնք այդպիսի ապուշ հայտարարություններ են անում, ուզում են իրենց վրա ուշադրություն գրավել, այդ մարդիկ ուղղակի քաղաքական մարգինալներ են:

– Բայց իրենք առաջարկում են դրա փոխարեն ավելի սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ:

– Ի՞նչ է դա նշանակում: Դե, ես էլ առաջարկում եմ Լուսնի հետ, Մարսի հետ շատ սերտ հարաբերություններ ստեղծել, բայց դրանք ուղղակի խոսքեր են, բայց ինչպե՞ս, ո՞ր ուղղությամբ, ի՞նչ հիմքերի վրա, ո՞նց դա պետք է լինի, դա պետք է շոշափելի լինի, քաղաքականությունը շոշափելի բան պետք է լինի, ոչ թե դատարկախոսություն:

– Այսինքն՝ այս տարիների ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելն արդյունավե՞տ եք համարում: 

– Այսօր Հայաստանը զարգանում է գրեթե Չինաստանի, Հնդկաստանի նման: Բացի դրանից, բա այս հայկական գյուղատնտեսությունը, որ հիմա այսպիսի զարկ է ապրում, բա դրանք ո՞ւր են գնում: Հայաստանը ներսում ունի փոքրիկ շուկա, այդ հսկայական տարածքը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ կարողանան արտահանել: Իհարկե, այդ հնարավորությունները պետք է օգագործվեն: Նախ, մշակույթների, լեզուների մոտիկությունը կա, բնավորության, հոգեբանության մոտիկությունը կա:

– Բայց փաստացի, հենց վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս Ազգային ժողովում հայտարարեց, որ այս տարի Հայաստանի արտահանման աճի տեմպերը ԵԱՏՄ ավելի ցածր են եղել, քան Եվրամիություն: Դա ինչո՞վ կարելի է բացարել:

– Այդ հարցը դուք ոչ թե ինձ պետք է տաք, այլ, երբ Կարեն Կարապետյանը դա ասում է, ինքն էլ պետք է բացատրի՝ ինչումն է պատճառը, դա հենց վարչապետի գործն է՝ բացատրել՝ ինչու է մի տեղ աճում, մի տեղ չի աճում:

– Բայց Դուք խոսում եք ԵԱՏՄ-ի արդյունքներից, այն դեպքում, որ թվերը լրիվ այլ բան են վկայում, արդյոք դա չի՞ խոսում այն մասին, որ մենք չենք օգտվում այն շուկաներից, որոնց մասին խոսվում է:

– Ուրեմն դա ձեր մեղքն է, որ չեք օգտվում: Հայաստանի գործարար մարդկանց մեղքն է, պետական մարմինների մեղքն է, որոնք պետք է զարկ տան: Առիթը պետք է օգտագործվի, հնարավորությունները հիմա կան, եթե դրանք չեն օգտագործվում, շատ ափսոս, ուրեմն՝ պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնք չեն կարողանում օգտագործել այդ հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս