Մուն Չժե Ինը կոչ է արել ՄԱԿ-ին՝ օժանդակել Կորեական թերակղզու ճգնաժամի խաղաղ լուծմանը
Միջազգային հանրակցությունը պետք է համակարգի իր ջանքերը եւ ստիպի ԿԺԴՀ-ին՝ հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից: Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում համաշխարհային կազմակերպության գլխավոր քարւտուղար Անտոնիու Գուտերիշի հետ կայացած հանդիպման ընթացքում:
«Մուն Չժե Ինը բարձր է գնահատել սեպտեմբերի 11-ին ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւի արագ ու միաձայն ընդունումը եւ ընդգծել միջազգային հանրակցության հետագա համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը այդ փաստաթղթի ամբողջական իրագործման համար»,- լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի մամուլի քարտուղար Պակ Սու Հյոնը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները:
Կորեայի Հանրապետության նախագահը նաեւ խնդրել է Գուտերիշին՝ օժանդակություն ցուցաբերել ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրով պայմանավորված հիմնախնդրի «խաղաղ, արմատական եւ համապարփակ» լուծմանը: Ի պատասխան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է այդ հարցի լրջությունը եւ հավաստել Փենյանի նկատմամբ խիստ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Գուտերիշը խոստացել է բոլոր ջանքերը գործադրել խաղաղ երկխոսության ճանապարհով այդ հիմնախնդրի լուծում գտնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: