Փոխմարզպետի որդու սպանության գործով միջադեպ է տեղի ունեցել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով առաջին դատական նիստն անցել է լարված մթնոլորտում. միջադեպ է տեղի ունեցել:

Այս մասին մեր զրույցում ասաց գործով ամբաստանյալ, 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Սույն գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:

Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է սույն թվականի հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել:

Հարությունյանի պաշտպանը մեր զրույցում նշեց, որ առաջին նիստի օրվա վերաբերյալ ծանուցման մեջ նշվել է, որ նիստը կանցկացվի դռնփակ, սակայն փաստաբանը զարմացել է, երբ նիստերի դահլիճ են մտել տուժող կողմի հարազատները՝ 50-60 հոգի: Դատարանը փաստաբանին պարզաբանել է, որ սխալմունք է տեղի ունեցել եւ դռնփակ բառը սխալ է գրվել: Այնինչ, Մեխակ Հարությունյանի պաշտպանը պահանջում է այդ տարածաշրջանում նիստերը դռնփակ անցկացնել: Նրա պնդմամբ՝ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել էին սպանել Մեխակ Հարությունյանին. այդ դեպքից հետո Հարությունյանը առ այսօր գտնվում է պաշտպանության տակ:

Ռուստամ Խաչատրյանի պատմելով, երբ սեպտեմբերի 8-ին Մեխակ Հարությունյանը բերվել է նիստերի դահլիճ, տուժող կողմի հարազատները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, փորձել հարձակվել նրա վրա: «Կարգադրիչները մի կերպ են Մեխակ Հարությունյանին նիստերի դահլիճից փախցրել»,- ասաց Ռուսամ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դահլիճում ներկա գտնվողները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նաև դատավորի ներկայությամբ: «Դատավորը մի պահ ոտքի կանգնեց և ասաց, որ մյուս անգամ հայհոյողները չմտնեն նիստերի դահլիճ, դա շատ զարմանալի և ծիծաղելի էր»,- նշեց պաշտպանը:

Վերջինիս խոսքով՝ դատարանում տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ այդ տարածաշրջանում այս գործով նիստը պետք է դռնփակ անցկացվի: Պաշտպանը նաև դատարանին միջնորդել է նիստերն արտագնա անցկացնել: Սակայն, թե այս, և թե արտագնա նիստեր անցկացնելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը կքննի սույն գործով հաջորդ դատական նիստին: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին ժամը 11:00-ին:

Ինչ վերաբերում է «Արամվիր» ՔԿՀ-ում Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձին, ապա Ռուստամ Խաչատրյանն ասաց, որ այդ գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը շուտով կուղարկվի դատարան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս