«Այժմ առաջնագծում ծառայող զինվորի ծառայությունն ավելի անվտանգ է դարձել». Վիգեն Սարգսյան
Հայաստանի զինված ուժերը սպառազինության բավականին ինտենսիվ ծրագիր են իրականացնում: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Դուք գիտեք, որ Ադրբեջանն ընտրել է սպառազինությունների մրցավազքը, սակայն մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում: Հայկական զինված ուժերը իրականացնում են սպառազինության արդյունավետ քաղաքականություն»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը հավելեց, որ ապրիլյան պատերազմից հետո լուրջ աշխատանքներ են իրականացվել առաջնագիծը կահավորելու և ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ:
«Մենք ուժեղ առաջնագիծ ունենք, ու ապրիլյան դեպքերից հետո առաջնագիծը որակապես փոխվել է տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից: Այժմ առաջնագծում ծառայող զինվորի ծառայությունն ավելի անվտանգ է դարձել: Իհարկե, դա չի նշանակում, որ կրակոցներ չկան: Կրակոցները կան, մենք նաև զոհեր ենք ունենում, սակայն նման դեպքերում մենք երեքը մեկի դիմաց պատասխան ենք տալիս: Դա մեզ համար սկզբունք է»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությանն ու իր կատարած պաշտոնական այցերին։ «Իմ պաշտոնավարման ընթացքում առաջին այցը կատարել եմ Ռուսաստան, և անկախ այն ասեկոսեներից, որ կան, Ռուսաստանը եղել և շարունակում է մեզ համար մնալ վստահելի դաշնակից»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանին զենքը վաճառում է շահավետ պայմաններով և մեծ դերակատարում հայկական զինված ուժերի սպառազինության ապահովման գործում: «Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կապեր չունենք։ Իմ երկրորդ այցը եղել է Հունաստան։ Ես նաև եղել եմ հարևան Վրաստանում և Իրանում, վերջերս էլ՝ Չինաստանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ծրագրում է այցելել նաև Կանադա: