Պաշտպանությունը վիճարկել է Մոսկվայի բանկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանի դատավճիռը

Պաշտպանությունը վիճարկել է գործարար Արամ Պետրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռը, որը 12 տարվա բանտարկության է դատապարտվել Մոսկվայի «Սիթի-բանկի» մասնաճյուղում պատանդներ վերցնելու համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան Ստանիսլավ Մալցեւը:

«Մենք գանգատարկում ենք ներկայացրել ՌԴ Գերագույն դատարան, որում խնդրում ենք մեղմացնել դատավճիռը եւ Պետրոսյանին արդարացնել «ահաբեկչական գործողություն» հոդվածով»,-ասել է դատապաշտպանը:

Ավելի վաղ դատարանը որոշել է Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի երկրորդ մասով («Երկու եւ ավելի անձանց պատանդառություն՝ առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ») եւ 205-րդ հոդվածի առաջին մասով («Ահաբեկչական գործողություն») եւ նրան պատիժ նշանակել 12 տարվա ազատազրկման տեսքով:

2016 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան Պետրոսյանը չորս մարդու է պատանդ վերցրել Մոսկվայի Մեծ Նիկիտսկայա փողոցի բանկում՝ սպառնալով պայթեցնել իր կրծքի վրա գտնվող առարկան, որը նման էր պայթուցիկ սարքի: Չնայած սպառնալիքներին, նա երեկոյի ընթացքում ազատ է արձակել պատանդներին ու հանձնվել:

Պետրոսյանը միջադեպից չորս տարի առաջ խնդիրներ է ունեցել բիզնեսում եւ պարտքերի տակ է ընկել: Այդ ժամանակվանից ձեռնարկատերը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցման նախաձեռնություններ էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: Պատանդառությունից առաջ Պետրոսյանը YouTube-ում տեսահոլովակ է զետեղել, որում դիմել է Ռուսաստանի նախագահին եւ նախազգուշացրել, որ «կդիմի ՌԴ քրեական օրենսգրքի կտրուկ, ռեզոնանսային խախտման»

Հոգեբուժական փորձաքննության եզրակացությունների համաձայն, մեղադրյալը մեղսունակ է եւ գիտակցել է իր գործողությունների բնույթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս