Բաժիններ՝

Իսպանիայի թագավորը կոչ է արել Կատալոնիայի իշխանություններին՝ հարգել Սահմանադրությունն ու օրենքները

Իսպանիայի Ֆելիպե Վեցերորդ թագավորը կոչ է արել հարգել երկրի Սահմանադրությունը՝ կապված Կատալոնիայի իշխանությունների՝ հոկտեմբերի 1-ին «անկախության հանրաքվե» անցկացնելու պլանների հետ։

Պետության ղեկավարն ասել է, որ Սահմանադրությունը «գերակշռող կլինի ժողովրդավարական երկրում գոյակցության պառակտման բոլոր փորձերի նկատմամբ»: «Բոլոր իսպանացիներին պատկանող իրավունքները պաշտպանված կլինեն նրանցից, ովքեր իրենց դուրս են դնում սահմանադրական օրինականության շրջանակներից»,- հայտարարել է Ֆելիպե Վեցերորդը Պուենկում մշակույթի բնագավառում ազգային մրցանակների հանձնման արարողության ժամանակ:

Նրա ելույթը հեռարձակում էր 24 Horas հեռուստաալիքը: Ֆելիպե Վեցերորդի խոսքով՝ դեմոկրատական գոյակցությունը, որն «այնքան շատ զոհեր» Է խլել Իսպանիայից, կարելի է պահպանել, «եթե օրենքները կատարեն քաղաքացիներն ու ինստիտուտները, եթե պետական մարմինները պահպանեն ու պաշտպանեն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) կասեցրել է այն օրենքի գործողությունը, որը կարգավորում է պիրենեյան թագավորության կազմից Կատալոնիայի դուրս գալը: ՍԴ-ն քննության է ընդունել այս օրենքի դեմ Իսպանիայի կառավարության հայցը, ինչն ինքանբերաբար հանգեցրել է դրա գործողության կասեցման ընդհուպ մինչեւ դատաքննության ավարտվելը:

Մինչ այդ Իսպանիայի կառավարությունն արդեն բողոքարկել է ինքնորոշման հանրաքվեի մասին օրենքը: Դրանում ասվում է, որ Իսպանիայից անջատվելու կողմնակիցների հանրահարցման հաղթանակը կնշանակի Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության անհապաղ հայտարարում: Նրանց ձախողման դեպքում ինքնավար մարզում կանցկացվեն տարածաշրջանային նոր ընտրություններ:

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա հանրահարցում անցկացնել, որը ոտնձգություն է թագավորության միասնության ու ամբողջականության դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս