«Եթե Սերժ Սարգսյանն ուզենա, ինքն անպայման կլինի». Հակոբ Հակոբյան
«Ո՞վ ասեց: Ես էլ եմ Հանրապետական, ես տենց օրեր չեմ հաշվում, տենց բաներ չունեմ իմ աշխատասենյակում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարող է որևէ մեկն արդյունավետ աշխատել, մասնավորապես` վարչապետ Կարեն Կարապետյանը, եթե գիտի, որ իր կուսակից-թիմակիցներն օրերն են հաշվում, թե երբ է նա հեռանալու պաշտոնից:
Ըստ նրա` վարչապետի աշխատանքի գնահատականը հնարավոր կլինի տալ, երբ հրապարակվեն վիճակագրական վերջնական ցուցանիշները, բայց բնական է, որ 2018-ից հետո նոր վարչապետն ունենալու է լրիվ այլ լիազորություններ, քանի որ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու:
«Հանրապետականն այսօր իշխող կուսակցություն է, Ազգային ժողովը 2018 թվականից դառնալու է համար 1 պետական կառավարման մարմինը և Հանրապետականը` որպես առաջին քաղաքական ուժ, ԱԺ-ում իր որոշումը կունենա այն ժամանակ, երբ ավարտվեն Հանրապետության նախագահի լիազորությունները»,- ասաց նա:
Հարցին` Կարեն Կարապետյանը կարո՞ղ է լինել ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, Հակոբյանը պատասխանեց. «Ես էլ կարող եմ լինել, բոլորն էլ կարող են լինել: Կուսակցությունը կունենա որոշում, եթե Սերժ Սարգսյանն ուզենա, ինքն անպայման կլինի, որովհետև ինքն է կուսակցության ղեկավարը և այդ պարագայում կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատուն»:
Հակոբյանը բացառեց, որ հնարավոր է 2 թեկնածու լինեն և ՀՀԿ-ականները երկընտրանքի առաջ կանգնեն.
«Նման բան լինել չի կարող, Հանրապետականը որոշում է կայցնելու` ով է լինելու վարչապետի թեկնածուն»:
Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ այլընտրանք չի լինելու, Հակոբյանը պատասխանեց. «Մենք ընտրելու ենք 1 թեկնածուի համար, մենք կայացնելու ենք որոշում 1 անձի համար»:
Հարցին` եթե Սերժ Սարգսյանը միանձնյա որոշի, բոլորը կողմ են քվեարկելո՞ւ, Հակոբյանը հաստատեց` «իհարկե»:
Սակայն հերքեց, թե այդ դեպքում ստացվում է, որ ՀՀԿ-ն մեկ անձի կուսակցություն է` «ոչ»: