Նախարարությունում մեծածավալ կադրային փոփոխություններ են լինելու. Արծվիկ Մինասյան. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրել էր, որ կարծես լարվել են հարաբերությունները բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի և ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանի միջեւ: Այս թեմայի շուրջ երեկ ստացանք նաև հենց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մեկնաբանությունները.

– Պարոն Մինասյան, տեղեկատվություն տարածվեց, որ լարվել են ձեր և ձեր տեղակալ Խաչիկ Հակոբյանի հարաբերությունները, և դուք չեք ցանկանում աշխատել նրա հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունները:

– Բայց ինձ զարմացնում է այդ հարցը նման քաղաքական մակարդակի հասցնելը: Բազմաթիվ կադրային փոփոխություններ նախարարությունում կատարվում են, իհարկե, այն ինչ ասում եմ, չի նշանակում, թե Խաչիկ Հակոբյանի դեպքում փաստ է, կամ այդպիսի բան կա: Պարզապես ինձ զարմացնում է այլ բան՝ մեր նախարարությունում առաջին տեղակալ է փոխվել, ինչո՞ւ այն ժամանակ նման հարցադրում չկար, և հանկարծ հիմա սկսեց ծնվել: Քաղաքական պաշտոնը նախարարի պաշտոնն է, որը կարող է քաղաքական քննարկումների առարկա դառնալ:

Ես երբևէ իմ կադրային քաղաքականությունում, որպես նախարար, չեմ առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ: Ինձ համար առաջնահերթությունը երեք սկզբունք են եղել՝ պատասխանատվություն, պրոֆեսիոնալիզմ և հայրենասիրություն: Եվ այս սկզբունքներին համապատասխան, ու նաև այն անձիք, ովքեր իրենց տեսել են այդ սկզբունքների ներքո իմ ղեկավարությամբ աշխատելու հնարավորությունը, աշխատել են: Մնացած շարունակությունը՝ երբ որ փաստ կլինի, այն ժամանակ էլ կխոսենք:

– Այսինքն՝ փաստ չկա՞, Խաչիկ Հակոբյանի և ձեր հարաբերություններում ամեն ինչ նորմա՞լ է և նա կշարունակի՞ պաշտոնավարել՝ ձեր տեղակալի պաշտոնում:

– Կշարունակի, թե՝ ոչ, դա ապագայի հարց է:

 

– Լավ՝ այդ դեպքում ի՞նչ եք կարծում, այս ամբողջ տեղեկատվական հոսքն ինչո՞վ էր պայմանավորված:

– Ես կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր մութ սենյակում փորձում են սև կատու փնտրել:

 

– Ներկայումս գործող թիմն ի վիճակի՞ է այդ փոփոխություններն առաջ տանել:

– Մենք ռեֆորմների մեջ ենք, այդ թվում նաև բավականին մեծածավալ կադրային փոփոխությունների՝ մեծածավալ: Որովհետև այն մարտահրավերները, որոնք մեր առջև այսօր կան, պահանջում են նոր մոտեցումներ, նոր ընկալումներ և ավելի համընդգրկուն մասնագիտական կազմի առկայություն:

– Այսինքն՝ առաջիկայում սպասե՞նք փոփոխությունների:

– Ես կասեի՝ լայնածավալ փոփոխությունների, որովհետև խոսքը թե՛ ինստիտուցիոնալ, կառուցվածքային, թե՛ նաև կադրային հարցերի մասին է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս