«Երկու կողմերն էլ սրանից կօգտվեն». Լիտվայի դեսպանը՝ Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրի մասին

«Այդ համաձայնագրից հետո Հայաստանի համար նոր հնարավորություններ կստեղծեն»,- մի քանի լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ խոսելով աշնանը կնքվելիք Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին:

Նրա խոսքով՝ քաղաքական առումով մենք միշտ գործընկերներ ենք եղել. «Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք Հայաստանին, դրա համար մենք չենք տեսնում որևէ տարբերություն, Հայաստանը մեր գործընկերն է, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանն եմ»:

Հարցին՝ այն, որ Հայաստանը հանդիսանում է ԵՏՄ անդամ, հիմա էլ համաձայնագիր է կնքում Եվրամիության հետ, խնդիրներ չի՞ առաջացնի, դեսպանն այսպես պատասխանեց. «Դրանք իրար չեն հակասում, դա, հակառակը՝ օգնում է ավելի լավ համագործակցել: Երբ մենք խոսում ենք Եվրամիության 500 միլիոնանոց շուկայի մասին, դա ցույց է տալիս արդեն, թե Հայաստանն ինչքան հնարավորություններ ունի, և Եվրամիությունը, Հայաստանի պես, նույնպես ունի մեծ հնարավորություններ՝ կոնկրետ Իրանի հետ հարաբերություններում, որը ձեզ հետ լավ հարաբերությունների մեջ է: Այնպես որ, մենք մտածում ենք, որ երկու կողմերն էլ սրանից կօգտվեն»:

Նշենք, որ դեսպանը հրաժարվեց գնահատական տալ նրան, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Դեսպանը շատ ուրախ է, որ բոլոր ոլորտներում շարունակվում է համագործակցությունը Լիտվայի և Հայաստանի միջև. «Հոկտեմբերին ձևավորվում է Հայաստանի և Լիտվայի երկրորդ միջկառավարական հանձնաժողովը: Երբ ես եկել էի այստեղ, բոլորն ինձ ասում էին՝ դա հնարավոր չէ, որ Հայաստանի հետ միջկառավարական հանձնաժողով չի լինի, որովհետև մենք չունենք ընդհանուր համագործակցության ոլորտներ, բայց պարզվեց, որ մենք ունենք նույնիսկ ավելին, քան անհրաժեշտ է: Միայն առաջին միջկառավարական հանդիպմանը մենք հայտնաբերեցինք 18 համագործակցության ոլորտ»:

Հարցին՝ կարո՞ղ եք անվանական ասել՝ ինչի՞ մասին է խոսքը, դեսպանն այսպես պատասխանեց.

«Օրինակ՝ գյուղատնտեսությունը: Առաջին տարում մենք ունեցել ենք 3 այց գյուղնախարարների տեղակալների մակարդակով, առաջինը՝ Լիտվայում, երկուսը՝ Հայաստանում: Կան գյուղատնտեսական 4 սեկտորներ, որտեղ մենք տեսնում ենք մեծ պոտենցիալ, դա էկոլոգիական ֆերմաներն են, անասնապահությունն է, ձկնաբուծությունն է, և ամենամեծը՝ խորհրդատվական ծառայություններն են գյուղատնտեսության մեջ, որը Հայաստանում դեռ առաջին քայլերն է անում, մենք դրանով անցել ենք, շատ սխալներ ենք թույլ տվել, ու չենք ուզում, որ մեր հայ եղբայրները նույն սխալները գործեն: Աշնանը մենք ստորագրելու ենք 3 միջկառավարական պայմանագրեր»:

 

Տեսանյութեր

Լրահոս