Բաժիններ՝

«5-րդ անգամ պարոն Մկրտչյանը գալիս է ու միշտ իր անցյալում արած գործը կասկածի տակ է դնում, է հետո՞». Անահիտ Բախշյանը՝ ԿԳ նախարարին

«Ներկայումս կրթական համակարգում բավականին բուռն իրավիճակ է, մեկը մյուսի հետևից բավականին նոր ծրագրերի մասին է խոսք գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարիներին իրականացված ծրագրերն այսօր դրվում են հարցականի տակ.

«Նույն դպրոցների կառավարման հարցը, մենք մոտավորապես 20 տարի առաջ անցանք դպրոցների կառավարման նոր համակարգի, ու հիմա խոսվում է  այն մասին, որ այդ համակարգը չի աշխատում, չգիտես ինչու, տնօրեններն են մեղավոր համարվում, բայց ես գտնում եմ՝ համակարգը թույլ չի տալիս, որ խորհուրդն իր գործն անի»:

Ս. Խաչատրյանը նկատեց, որ այսօր խոսվում է այն մասին, որ դպրոցների ծրագրերը շատ ծանրաբեռնված են.

Կարդացեք նաև

«2001 թվականին, երբ Հայաստանը որոշեց անցնել 11-ամյա ուսուցման, այդ ժամանակ ուսման տևողությունը երկարացնելու հիմնական նպատակն այն էր, որ 10-ամյա ծրագիրը շատ ծանր էր, և նախարարությունը որոշեց, որ ծրագիրը բեռնաթափի, ու տարածեն 12 տարվա մեջ՝ դրանով երեխաների բեռնվածությունը նվազի: Բայց մենք ուսման տևողությունը երկարացրեցինք, զուգահեռաբար նոր առարկաներ մտան, ժամերն ավելացան, և հիմա նորից խոսվում է այն մասին, որ դպրոցի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է: Հիմա փորձ է արվում 12-րդ դասարանը բեռնաթափել, այսինքն՝ մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որ այն բարեփոխումները, որոնց համար Հայաստանը նաև վարկային միջոցներ է վերցրել, սպասումներ են ձևավորվել, հիմա պարզվում է՝ այս ամեն ինչը չի արդարացնում իրեն, և հիմա մենք մտնում ենք նոր փուլ»:

Բանախոսի դիտարկմամբ՝ շատ հետաքրքիր փուլ է հիմա Հայաստանում, որովհետև նոր գաղափարներ կան, նոր քննարկումներ. «Բայց ես առաջարկում եմ՝ նույն սխալը թույլ չտանք և նույն ձևով չանենք բարեփոխումները, այդ սխալն այն է, որ վերցնում ենք ինչ-որ մի կաղապար՝ առանց հանրային քննարկումների, առանց նախապատրաստման, առանց համապատասխան բյուջեի՝ իրականացնում ենք, հետո վարկը վերջանում է, ասում ենք՝ փողը պրծավ, հիմա՝ յոլա տանենք»:

Ասուլիսին ներկա, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքով էլ՝ շատ անհասկանալի է՝ մեր երկրում կառավարության մեջ ֆինանսներն ով է հաշվում, ինչպես են հաշվում, որ արդյունքում ունենք այսպիսի թվեր:

«Հանկարծ լսում ենք, որ նախարարը խոստանում է հոկտեմբերին ուսուցիչների սոցիալական վիճակը լավացնել, աշխատավարձը բարձրացնել, ու, երբ իրեն հարցնում ենք, թե դա կլինի 2017-30 թվականների ծրագրո՞վ, ասում է՝ չէ, մոտակա ժամանակներս, հոկտեմբերին արդեն արդյունքը կտեսնեք: Շատ եմ սևեռվում Լևոն Մկրտչյանի վրա, որովհետև հնարավոր չէ չսևեռվել, ու ասել՝ 5-րդ անգամ պարոն Մկրտչյանը գալիս է ու միշտ իր անցյալում արած գործը կասկածի տակ դնում, է հետո՞: Էլ քանիերո՞րդ անգամ գա, որ ասի՝ չէ ժողովուրդ, էս անգամ ճիշտ է, լավ է, օպտիմալ է… Աշակերտների թիվը պակասում է, ուսուցիչների ժամերը պակասում են, ավագ դպրոցի ուսուցիչների ռազմավարական ծրագրով 20 տոկոս հավելավճարը նրանք բացառիկ դպրոցներում են ստանում»,- հայտարարեց Ա. Բախշյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս