«Պարզ չէ, թե ինչու է դեսպանն այս պահին այդպիսի հայտարարություն անում». «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում աղմկոտ հայտարարություն արեց: «Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,- ասաց նա:

Սույն միտքը դեսպանն արտահայտեց ի պատասխան հարցի, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը ինչ անդրադարձ է ունեցել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա: Ըստ դեսպանի, Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ, և ԱՄՆ-ն երբեք նպատակ չի ունեցել լավ հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ ի հաշիվ այլ երկրների, բայց փաստորեն միևնույն ժամանակ ցանկանում է վստահ լինել, որ ՀՀ-ն կարողանում է ինքնիշխան որոշումներ կայացնել: Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին սույն դիվանագիտական պատասխանը իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում:

Եվ առհասարակ պարզ չէ, թե ինչու է դեսպանն այս պահին այդպիսի հայտարարություն անում: Ի՞նչ է նշանակում՝ համոզված լինել, որ «Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում»:

«Եթե խոսքը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանն մասին է, ապա դա արդեն կայացած փաստ է, և նոր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱՄՆ-ն համոզվի՝ այդ որոշումը ինքնուրույն է կայացվում, թե որևէ մեկի ճնշման տակ:

Ի՞նչ տնտեսական, քաղաքական մոդելի ընտրության մասին է խոսում դեսպանը: Արդյո՞ք Հայաստանն այդպիսի ընտրության առաջ է այժմ: Փաստորեն՝ այո, հակառակ դեպքում ԱՄՆ-ի դեսպանը այդ մասին չէր հիշատակի:

ԱՄՆ-ն և ՌԴ-ն փաստորեն լուրջ մրցակցության մեջ են, թե ով է ավելի մտահոգ Հայաստանի ինքնիշխանության պահպանման հարցում: Բայց քանի որ նման մտահոգությունը քաղաքական կատեգորիա չէ, միջազգային հարաբերություններում երբեք որևէ երկիր մեկ այլ երկրի ինքնիշխանության հարցով չի տառապում, պետք է հասկանալ, ո՞րն է խնդիրը, և ինչո՞ւ են «պատերազմական» վիճակում գտնվող ԱՄՆ-ն և ՌԴ-ն քաշքշում Հայաստանի ինքնիշխանությունը:

Նոյեմբերին նախատեսվում է ԵՄ-ի հետ Հայաստանի նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ ոչինչ չի սպառնում այդ համաձայնագրին, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը կրկին տնտեսական, քաղաքական մոդելի ընտության առաջ է:

Արևմուտքի մեր բարեկամները, սակայն, հասկանում են, որ Հայաստանը բացի համամարդկային բարձր արժեքներից և ժողովրդավար աշխարհին մաս կազմելու հաճույքից, այլ ակնկալիքներ էլ ունի. օրինակ՝ ԵՄ քաղաքական և տնտեսական մոդելն ընտելիս: Եվ այդ ակնկալիքները ոչ քաղաքական դաշտում են, ոչ տնտեսական: Դրանք ռազմական ոլորտից են:

ԱՄՆ դեսպանն իր խոսքում, իհարկե, բաց է թողել այդ մասը, սակայն խոսքն իրականում ոչ թե քաղաքական և տնտեսական մոդելների ընտրության մասին է, այլ ռազմաքաղաքական մոդելների: «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ»,-ասում է դեսպանը և խոսում  ռազմական ոլորտում ԱՄՆ-ից Հայաստանին ցուցաբերած տարբեր աջակցությունների մասին: Սակայն, որպեսզի Հայաստանն իր որոշումները կայացնի այնքան ինքնիշխան, որքան ԱՄՆ-ն կցանկար, այդ գործիքները պետք է մի քանի հարյուր միլիոն դոլար արժեք ունենան և մի քանի հազար տոննա կշիռ: Քանի դեռ նման գործիքներ չեն տրամադրվում, ավելորդ է Հայաստանի ինքնիշխանության հետ կապված սրտաճմլիկ ճառեր ասելը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս