Բաժիններ՝

Գերմանիայի խորհրդարանն օրինականացրեց միասեռ ամուսնությունները

Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ ամուսնությունների օրինագծին: Ինչպես հայտնել է Deutsche Welle-ն, փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ. «կողմ» է քվեարկել 393 պատգամավոր, «դեմ»՝ 226-ը, չորս պատգամավորներ ձեռնպահ են մնացել։

Օրինագծի համաձայն, սեռական փոքրամասնության ներկայացուցիչները կկարողանան պաշտոնապես ամուսնություններ կնքել եւ ունենալ նույն այն իրավունքները, ինչ եւ ավանդական ընտանեկան զույգերը, օրինակ, կկարողանան երեխաներ որդեգրել, հաղորդել է BBC-ն: Մինչ այդ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները Գերմանիայում կարող էին կնքել այսպես կոչված «քաղաքացիական միություններ»:

Նշվում է, որ կառավարող կոալիցիայում մեծամասնություն ունեցող Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը հանդես էր գալիս միասեռ ամուսնությունները ճանաչելու դեմ:

Սակայն այս շաբաթ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր, ՔԴՄ-ի նախագահ Անգելա Մերկելը կուսակիցների հորդորել է, որ նրանք այս դեպքում որոշումն ընդունեն ինքնուրույն՝ «խղճի թելադրանքով», այլ ոչ թե ղեկավարվել համակուսակցական դիրքորոշմամբ: Միեւնույն ժամանակ Մերկելն ինքն ավելի վաղ չի պաշտպանել միասեռ ամուսնությունների օրինականացման գաղափարը եւ քվեարկության ժամանակ դեմ է արտահայտվել:

Սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, Գերմանիայի բնակչության մեծամասնությունը պաշտպանում է միասեռ ամուսնությունների օրինականացումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս