Բաժիններ՝

Կոալիցիայի զորքերը լիովին շրջապատել են «ԻՊ-ի մայրաքաղաքը»

ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ու արաբական ջոկատների կոալիցիայի հրամանատարությունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները լիովին շրջապատված են իրենց կողմից հռչակված «խալիֆայության մայրաքաղաքում»՝ Սիրիայի Ռաքա քաղաքում, տեղեկացնում է BBC-ին:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի հայտարարության մեջ ասված է, որ փակվել են հարավային ուղղությամբ զինյալների նահանջի հնարավոր ուղիները: Հունիսի սկզբին սիրական ընդդիմության ջոկատները ինքնապաշտպանության քրդական ուժերի, ինչպես նաեւ ամերիկյան օդուժի եւ հրետանու աջակցությամբ հզոր հարձակում են ծավալել 2014 թվականից ԻՊ-ի զինյալների հսկողության տակ գտնվող Ռաքայի վրա:

Գնդապետ Ռայան Դիլոնը՝ ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչը, որը պատասխանատու է Ռաքայի ազատագրման գործողության համար, հայտնել է, որ «իրենց հրամանատարների կողմից լքված ԻՊ-ի զինյալները ենթարկվում են սիրիական ընդդիմության ուժերի հարվածներին, որոնք քաղաք են մտել մի քանի ուղղություններից»:

Նա նաեւ նշել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կոալիցիայի զորքերը «ԻՊ-ից շուրջ 20 քառակուսի կիլոմետր տարածք են մաքրել բուն քաղաքում ու նրա մերձակայքում»:

Քրդական ուժերի ներկայացուցիչ Ալի Շերվանը «Քրդստան-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ սիրիական ընդդիմության մարտիկները քաղաքում հայտնաբերել են թունելների ընդարձակ ցանց, որոնք օգտագործվում են ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս