«Եթե դուք ուզում եք կերակուրից լափ ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք». Արտեմ Ասատրյանը` թիվ 1 տուն-ինտերնատի մասին
«Տարեցների խնամքի դեպքում առաջին հերթին՝ սրտացավությունը պետք է լինի: Մենք աշխատանքներ ենք իրականացնում խնդիրները լուծելու համար: Իհարկե, դրանք մեկ օրում լուծելի չեն, բայց մենք հետևողական ենք»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2016թ. բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով թիվ 1 տուն-ինտերնատի վերաբերյալ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գեորգիսյանի հարցադրումներին, մասնավորապես, որ տարեցների համար արված նվիրատվությունները հաշվետվություններում չեն արտացոլվում, հաշվետվությունները կայքում համապատասխան վայրում չեն տեղադրվում, և այլն:
Նախարարը հավաստիացրեց, թե կառավարության աշխատանքը շատ թափանցիկ է, հաշվետվությունները յուրաքանչյուր ամիս տեղադրվում են կայքում, իսկ հաշվետվողականություն ապահովելու համար կան նաև բարեգործական ձևեր:
Լրագրողների հետ զրույցում Ա.Ասատրյանը տեսակետ հայտնեց, որ թիվ 1 տուն-ինտերնատի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութը միակողմանի է ներկայացված, «Ելքի» ներկայացուցիչները զրուցել են կոնկրետ անձանց հետ և այցելել են կոնկրետ սենյակներ, որոնք վերանորոգված չեն, իսկ վերանորոգված հատվածը չեն նկարահանել:
«Եթե իրականությունը տեսնելու ցանկությունը կա, պետք է բոլոր սենյակներն այցելեին, այդ թվում` վերանորոգվածները»,- ասաց Ա.Ասատրյանը` հավելելով, որ նախարարությունը երբեք չի փորձել համակարգում առկա խնդիրները քողարկել, իսկ անհրաժեշտ փոփոխությունները քայլ առ քայլ արվում են:
Դիտարկմանը, որ տարեցներին մատուցվողը դժվար է կերակուր անվանել, այլ ավելի շուտ լափ էր, նախարարը հակադարձեց. «Եթե դուք ուզում եք կերակուրից լափ ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք, եթե ուզում եք կերակուր ներկայացնեք, ապա կերակուր կներկայացնեք»: