Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտ և Ասկերան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջաններ:
Մարտակերտ քաղաքում նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի պատասխանատուների հետ: Քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, շինարարության, ենթակառուցվածքների և մշակույթի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետև նախագահն Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի եւ Մարտունու շրջաններում կարկտահարության հետեւանքով տուժած գյուղացիներին օգնություն տրամադրելու հարցերի շուրջ: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը ժամանակին եւ բարձր որակով իրականացնելու և առկա խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: