Կառավարությունը կհասնի ծրագրով նախատեսված ցուցանիշներին. Կարեն Կարապետյանը վստահեցրել է կուսակիցներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ անդամներին է ներկայացրել կառավարության գործունեության նոր ծրագիրը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետն անդրադարձել է կառավարության ծրագրի մանրամասներին և իր ու կառավարության թիմի անդամների անունից վստահությամբ պատրատաստակամություն իրականացնել ծրագրում ներառված նպատակները: «Կառավարության ծրագրում բավականին բազմաբովանդակ ներառված են բոլոր ոլորտները: Ներկայացվել է կանխատեսելի, իրատեսական, հավակնոտ, ըստ տարեթվերի նախատեսված միջոցառումների ծրագիր, որը պետք է իրականացվի թիմային աշխատանքի արդյունքում: Վարչապետն իր և կառավարության անդամների կողմից վստահորեն պատրաստակամություն է հայտնում իրականացնել ծրագիրը և հասնել ներկայացված թվային ցուցանիշներին»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ծրագիրն իր ոճով տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից:
Հանրապետական խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հինգ տարի անց Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին ներկայացված է ծրագրով: «Կունենանք աճողական Հայաստան», ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը: