Բաժիններ՝

Նախագահ Մակրոնը պաշտոնապես բացեց Լե Բուրժեի օդատիեզերական սալոնը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 19-ին պաշտոնապես բացել է Լե Բուրժեի օդատիեզերական սալոնը: Հանրապետության ղեկավարն արարողության բացմանը ժամանել է Airbus A400M ռազմափոխադրական ինքնաթիռով:

Նախագահի հետ միասին Լե-Բուրժե են ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սիլվի Գուլարը եւ տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բոռնը: Նախագահի եւ նախարարների հետ հանդիպմանը հաջորդել է ավիաշքերթը՝ Patrouille de France օդաչուների խմբի մասնակցությամբ:

Լե Բուրժեի միջազգային օդատիեզերական սալոնը ճյուղային խոշորագույն ցուցահանդեսներից մեկն է աշխարհում եւ այս տարի անցկացվում է 52-րդ անգամ: Ընդհանուր առմամբ օդատիեզերական սալոնին այս տարի կմասնակցեն 47 երկրներից ժամանած ավելի քան 2 հազար 370 ցուցադրողներ, որոնք ներկայացված կլինեն 27 ազգային տաղավարներում:

Ավիասալոնի թռիչքային ծրագրին կմասնակցի 33 ինքնաթիռ: Ստատիկ ցուցադրանքում ներկայացված են 117 թռչող սարքեր, այդ թվում՝ 99 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ եւ երկու անօդաչու (անօդաչու սարքերը նաեւ կցուցադրվեն առանձին ընկերությունների ստենդներում):

Սալոնի ընդհանուր մակերեսը 324 հազար քառակուսի մետր է, որը համապատասխանում է 46 ֆուտբոլային դաշտի մակերեսին: Կազմակերպիչների գնահատումներով՝ գործարար շփումների օրերին ցուցահանդես կայցելի 150 հազար մարդ, բաց օրերին՝ եւս 200 հազար: Սալոնն աշխատանքը կավարտի հունիսի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս