Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը 21 տարեկան է
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը հունիսի 18-ին դարձել է 21 տարեկան: Թալիշում արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի երեք տանկ խոցելու համար ՀՀ Նախագահի հրամանագրով նա ստացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
Շուլին Շիրակի մարզի Գյումրի քաղաքից է: «Արմենպրես»-ի «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում նպատակների մասին խոսելիս նա պատմել էր, որ դրանք եղել են, թե՛ բանակ գնալուց առաջ, թե՛ դրանից հետո. «Հիմա, իհարկե, հայացքներս փոխվել են։ Հարցեր են եղել, որ մինչև գնալս պլանավորել էի, բայց հիմա, վերադարձել եմ ու լրիվ այլ տեսանկյունից եմ նայում։ Դրանում մեծ դեր խաղացին և՛ ծառայությունը, և՛ իհարկե այս քառօրյան։ Չնայած իմ ամբողջ ծառայությունը այդ վերջին օրերի հետ երբեք չեմ համեմատի, որովհետև այդպիսի օրեր, այդ երկու տարվա ընթացքում չեմ տեսել։ Ինձ արդեն մնացել էր երկու ամիս ու մի քանի օր։ Այդ քառօրյայից հետո էլի եղել եմ Թալիշի դիրքերում, ընդամենը զորացրումից տասն օր առաջ եմ դիրքերից իջել։ 20-ամյակիս եղել եմ դիրքերում»։
Քառօրյա պատերազմում հակառակորդի 3 տանկ խոցելու մասին նա պատմել էր, որ դրանք խոցել է 2530 րոպեների ընթացքում, որոնք մի վայրկյանի պես են անցել։ «Առաջին տանկը խփելուց հետո, առանց ուշադրություն դարձնելու, որ խրամատից դուրս եմ ու դիմացի դիրքից կրակում են, կանգնել գոռացել եմ` խփել եմ, խփել եմ: Հետևից ձայն էին տալիս, որ իջնեմ խրամատ: Իջա, մեր հատուկ նշանակության ջոկի հրամանատարը ճակատս համբուրեց, ասեց «ապրես», նույնն էլ մարտկոցիս հրամանատարը։ Երրորդ տանկը երբ խփեցի, բարձրացա, որ նայեմ, դաշտում արդեն տանկ չկար։ Հետ քաշվեցին` ունենալով երեք տանկի կորուստ»:
Չնայած հակառակորդին զգալի վնաս է պատճառել՝ Շուլին ասում էր, թե չի մտածում, որ հերոս է ու չի սիրում, երբ իրեն այդպես են ներկայացնում։ Ասում է, որ սահմանն ամեն մարդ չի կարող պահել։ Նրա խոսքով` մարտական հերթապահություն իրականացնելն այսօր մի փոքր լուրջ գործ է։ Սահման պահելը Շուլին սուրբ գործ է համարում. «Միայն սահման հասկացողությունը չես պահում, այլ նաև մեր ժողովրդի հանգիստ քունը։ Կապ չունի՝ Արցախում ես, թե Հայաստանում։ Մենք պահում ենք այդ դիրքերը մեր երկու հանրապետությունների համար։ Առանց իրար, մի քիչ, կարծես թերի լինեն»։
Ու, Շուլիի համոզմամբ, այս հողի համար միայն զինվորը չպիտի կռվի, բոլորս պիտի կռվենք։