«Լևոն Տեր-Պետրոսյանը կամ չի պատկերացնում, կամ էլ դիտմամբ է խեղաթյուրում իրավիճակը». Անուշ Սեդրակյան
Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանն անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած խաղաղության թեզին՝ այսօրվա ասուլիսում նշեց, որ դա ընդամենն այլընտրանքային արտաքին քաղաքականության հայտ է։
«Առաջին նախագահի խաղաղության թեզը շատ գրավիչ է հնչում, շատ օպտիմիստական, եթե հաշվի առնենք այն, որ տարածքների հանձնելը բերելու է հաստատագրված և ավարտուն խաղաղության, բայց մենք այնքան սադրանքներ ենք ունեցել ռազմավարական տիրույթում, որ փաստացի այդ սադրանքների նախապատմությունը պնդել այդ թեզի իրականության վրա, բանախոսի կարծիքով, շատ կասկածելի է։ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ չի պատկերացնում իրավիճակը, որը, նրա ինտելեկտուալ կարողությունները հաշվի առնելով, կասկածելի է, կամ էլ դիտմամբ է խեղաթյուրում իրավիճակը, որն այս պարագայում մի քիչ հանցավոր կարող է լինել»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Նրա խոսքով՝ առայժմ Հայաստանը կայուն ստագնացիայի փուլում է։ Ըստ նրա՝ հետաքրքիր է, որ միջազգային թատերաբեմում իրադարձությունները 5 րոպեն մեկ փոխվում են, իսկ Հայաստանում ամեն ինչ կայուն է։
Իսկ ազգրագրագետ Հրանուշ Խառատյանի գնահատմամբ՝ «Ոչ մի թիզ հող» ասողները խոսում են այն մասին, որ ցանկացած զիջումի հնարավորությունը պետք է կշռվի Ղարաբաղի անմիջական կարգավիճակով, բայց մենք ոչ մի հավատալու հնարավորություն չունենք։ Այստեղ խոսքը ոչ թե զիջումային քաղաքականության մասին է, այլ Ղարաբաղի անմիջական, հստակ, հավաստի, երաշխավորված և իրականացող կարգավիճակի»:
Անի Թորոսյան