Թուրքիայի վարչապետը կոչ է արել ընդդիմությանը դադարեցնել «արդարության երթը»
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է արել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդին դադարեցնել հունիսի 15-ին մեկնարկած «արդարության երթը»՝ ի նշան աջակցության թուրքական դատարանի կողմից 25 տարվա ազատազրկման դատապարտված պատգամավոր Էնիս Բերբերօղլուի: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդին «հարիր չէ փողոցում բողոքել կառավարության դեմ»: Նա կարծիք է հայտնել, թե երթը կարող է սադրանքների պատճառ դառնալ: «Մեր ներքին գործերի նախարարը մոտիկից հետևում է խնդրին: Նաև կապի մեջ է կուսակցության առաջնորդների հետ: Հուսով եմ, որ այս խնդրին այստեղ վերջ կտրվի»,- ասել է Յըլդըրըմը:
Նա կոչ է արել ընդդիմության առաջնորդին վերադառնալ մեջլիս: «Չտեսնված բան է՝ արդարություն փնտրել փողոցում: Խնդիրների լուծման վայրը մեջլիսն է, արդարության համար՝ դատարանները: Քըլըչդարօղլուն սովորական մարդ չէ, այլ գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարը: Նա պետք է առավելագույնս հարգի օրենքը: Սա ճիշտ ճանապարհ չէ, խորհուրդ կտամ հրաժարվել դրանից»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել են իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:
Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:
Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին:
Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ: