Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Կատարի ռազմանավերը համատեղ վարժանքներ են անցկացնում

ԱՄՆ-ի եւ Կատարի ռազմածովային նավատորմի նավերը հունիսի 16-ին համատեղ վարժանքներ են սկսում Կատարի տարածքային ջրերում: Այդ մասին հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի կայքը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի երկու մարտանավեր հունիսի 15-ին ժամանել են Կատարի Համադ նավահանգիստ՝ մասնակցելու զորավարժություններին:

Վարժանքների պլանը նախատեսում է ուսումնական հրաձգություն, հրթիռների արձակում, ինչպես նաեւ համատեղ գործողություններ Կատարի եւ ԱՄՆ-ի օդուժի մասնակցությամբ, այդ թվում՝ նավերի մատակարարման ապահովում եւ տուժածների տարհանում ուղղաթիռների օգնությամբ:

Դրա հետ մեկտեղ հեռուստաալիքը նշում է, որ վարժանքները պլանային են եւ ոչ մի կերպ կապված չեն Կատարի շուրջ ստեղծված դիվանագիտական ճգնաժամի հետ:
Կատարում տեղակայված է տարածաշրջանում ԱՄՆ-ի խոշորագույն ռազմակայաններից մեկը:

Հունիսի 5-ին Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, Մալդիվյան Հանրապետությունը եւ Մավրիկիոսի Հանրապետությունը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ դա բացատրելով Էմիության կողմից ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության աջակցությամբ, նրա թշնամական քաղաքականությամբ եւ արաբական պետությունների գործերին միջամտությամբ:

Ավելի ուշ նրանց են միացել Մավրիտանիան եւ Կոմորյան կղզիները, իսկ Հորդանանը եւ Ջիբութին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը լիովին փակել են իրենց օդային տարածությունը կատարական ինքնաթիռների համար եւ չեղարկել են իրենց ավիափոխադրողների թռիչքները Դոհա: Կատարում այդ մեղադրանքները համարում են անհիմն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս