Բաժիններ՝

ԻՊ-ի պարագլուխները Ռաքայից և Մոսուլից փախել են էլ Մայադին

«Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխները սիրիական Ռաքայից եւ իրաքյան Մոսուլից փախել են Սիրիայի արեւելքում գտնվող էլ Մայադին քաղաք, որտեղ այժմ գտնվում է ահաբեկչական այդ կազմակերպության գործողությունների ղեկավարման կենտրոնը: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնական աղբյուրների եւ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների: Նրանց տվյալներով, ԻՊ-ի պարագլուխներն իրենց ընտանիքների հետ միասին էլ Մայադին են տեղափոխվել վերջին մի քանի ամսվա ընթացքում, երբ Մոսուլը եւ Ռաքան, որոնք ավելի վաղ համարվում էին խմբավորման կենտրոնները, հայտնվեցին մարտական գործողությունների կիզակետում:

Իրաքի անվտանգության ուժերը Մոսուլի ազատագրման գործողություն են իրականացնում, իսկ Ռաքան փորձում են իրենց հսկողության տակ վերցնել առավելապես սիրիական քրդերից բաղկացած զինված կազմավորումները, որոնց աջակցում է ԱՄՆ-ը:
Գործակալությունը նշում է, որ, որոշ հաղորդումների համաձայն, ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին նույնպես գտնվում է Էլ Մայադինում: Այս քաղաք է փոխադրվել խմբավորման առավել մարտունակ ջոկատների մեծամասնությունը, ներկայում ԻՊ-ի զինյալներն ամրացնում են դիրքերը էլ Մայադինի մերձակայքում եւ խրամատներ փորում քաղաքի շուրջ: Գործակալության տվյալներով՝ ԻՊ-ի պարագլուխները հենց էլ Մայադինից են մտադիր ղեկավարել իրենց կողմնակիցներին:

Էլ Մայադինը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանակից Դեր Զորի նահանգում, ԻՊ-ի պարագլուխների կողմից խմբավորման նոր «մայրաքաղաք» է ընտրվել շնորհիվ այն բանի, որ այդ քաղաքը գտնվում է այն տարածքի խորքում, որը դեռեւս գտնվում է նրա հսկողության ներքո: Էլ Մայադինի մերձակայքում կան նավթի հանքավայրեր, որոնք եկամուտ են բերում ԻՊ-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս