Բաժիններ՝

«Քննարկվել է հայ-տաջիկական համատեղ արդյունաբերական կոոպերացիա ստեղծելու հարցը». Սուրեն Կարայան

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի այցին ընդառաջ՝ այսօր մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը։

Նիստից առաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տաջիկստանի Հանրապետության հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են, ապրանքաշրջանառությունը շատ փոքր է։

«Այսօր արդեն հանդիպել եմ Տաջիկստանի իմ գործընկեր նախարարի հետ, և քննարկել ու նշել ենք այն գործնական քայլերն ու ուղիները, որոնց միջոցով մենք կկարողանանք մեր առևտրատնտեսական հարաբերությունները բարձրացնել և առևտրաշրջանառությունն ավելացնել։

Մենք նշեցինք մի քանի ուղիներ և ոլորտներ, որոնց շուրջ մեր իրատեսական համագործակցությունը տեսնում ենք։ Առաջինը կստեղծենք համատեղ փոքր աշխատանքային խումբ, որն անմիջապես երկկողմանի աշխատանքի միջոցով կվերհանի այն ապրանքատեսակները, որոնք պոտենցիալ հնարավորություններ ունեն՝ մի երկրից մյուսը ներմուծվելու, և դրանց ներմուծման ժամանակ կփորձենք վերացնել բոլոր խոչընդոտները։

Միաժամանակ, նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկու երկրներում կառանձնացնենք դիստրիբյուցիոն ընկերություններ, որ մեկը մյուսի հետ կապվի, և այդ ընկերությունների միջոցով ներմուծումներն ու արտահանումներն իրականացվեն»,- պարզաբանեց Կարայանը՝ ընդգծելով, որ քննարկվել է նաև համատեղ արդյունաբերական կոոպերացիա ստեղծելու հարցը, որը, ըստ նրա՝  կարող է լինել ոսկեգործության, թեթև արդյունաբերության ոլորտներում։

«Կարող են ստեղծվել համատեղ ձեռնարկություններ, որ, ենթադրենք, իրենք թանկարժեք մետաղների հումքը տրամադրեն, ՀՀ-ում դրանցից զարդեր պատրաստվեն և հետ վերադարձվեն։ Ուղենշեցինք զբոսաշրջության ոլորտում երկու երկրների հետաքրքրություններն ու ընդհանուր զարգացման հնարավորությունները»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Տաջիկստանի նախագահի այցի տնտեսական բաղադրիչին՝ Կարայանը նշեց, որ այցի ընթացքում մեծ բիզնես ֆորում է տեղի ունենալու երկու երկրների գործարարների միջև.

«Մեծ հույսեր կան, որ այդ ֆորումի շրջանակներում, երբ երկուստեք հանդիպումներ կլինեն, իմ նշած ոլորտներում լուրջ համագործակցություն կունենանք։ Նաև բազմաթիվ տնտեսական պայմանագրեր կստորագրվեն»։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն էլ նշեց, որ երկու երկրների առևտրաշրջանառության մեջ հիմնական տեղ է զբաղեցնում արտահանումը.

«Երկու հիմնական ուղղություն ունենք՝ ոսկերչությունն ու դեղագործական ապրանքների արտահանումը։ Օբյեկտիվ պատճառներից մեկը լոգիստիկ դժվարություններն են, որը խանգարում է արտահանման և ընդհանրապես առևտրաշրջանառության զարգացմանը։ Այդ բոլոր խնդիրները մեր նիստի օրակարգում են»։

ՏՀ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան էլ ընդգծեց, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների 25 տարին, որի ընթացքում, ըստ նրա՝ հարաբերություններում հուսադրող դինամիկա է եղել։ Նա հույս հայտնեց, որ Տաջիկստանի նախագահի այցով երկկողմանի հարաբերությունները, առևտրաշրջանառությունը նոր զարգացում կունենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս