Որոշել են շեշտակի կրճատել ԱԺ աշխատակազմը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին, ժամը 16։00-ին նիստ է գումարելու, քննարկվելու են մի շարք հարցեր, օրինակ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը, հերթական նիստերի ժամկետացանկը։ Կհաստատվեն նաև ԱԺ աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը, կքննարկվեն կազմակերպչական հարցեր։ Ամենահետաքրքիրն ԱԺ աշխատակազմի կառուցվածքն է, որը որոշել են շեշտակի կրճատել։

Մի շարք բաժիններ կմիավորվեն, կանվանափոխվեն, ինչպես, օրինակ՝ ընդհանուր, արձանագրային, սղագրական և նիստերի ապահովման, ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման, հրատարակչության բաժինները կմիավորվեն քարտուղարության բաժնում, երկուական բաժիններ կմիավորվեն իրավաբանական և տնտեսագիտական վարչություններում։ Կլինի արտաքին կապերի վարչություն, որում կմիավորվեն միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման, միջազգային կազմակերպությունների բաժինները, կլինի արարողակարգի վարչություն՝ անձնագրային սպասարկման, այցերի և ընդունելությունների բաժիններն ընդգրկող, տեղեկատվական և վերլուծական վարչությունում կմիավորվեն տեղեկատվության և վերլուծության ապահովման բաժինները, գրադարանը, արխիվը, իսկ տեղեկատվության բաժինը, տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը կդառնան հանրային կապերի վարչություն։

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության մեջ էլ կընդգրկվեն հաշվապահական հաշվառման, տնտեսագիտական և գնումների բաժինները, գործերի կառավարչության մեջ՝ նյութատեխնիկական ապահովման, շենքերի շահագործման, սպասարկման և ավտոտրանսպորտային բաժինները։ Թե ինչքանով սա կնպաստի տվյալ ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքին, ժամանակը ցույց կտա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս