«Մասկովսկի տուսովկաների արքաները» Երևանում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհում էր օդանավակայանում «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տաքսու վարորդների առկայությունից և, ըստ էության, հանդիմանում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին այդ իրավիճակի համար:

Թե որքանով ՀՀ ոստիկանությունը լիազորություններ ունի արգելել «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» մարդկանց մուտքը օդանավակայան, ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէ: Չկա ՀՀ օրենսդրությունում որևէ կետ, որով «չթրաշվելը», «չստիկներով» ման գալը արգելվի: Անշուշտ գեղեցիկ չէ, բայց դա չի արգելվում:

Բայց վարչապետ Կարեն Կարապետյանը հիմքեր ունի ոստիկանապետին հանդիմանելու հենց ոստիկանությանը վերապահված լիազորությունները չկատարելու համար: Այս լուսանկարում, որը արվել է օրերս, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքն է, որտեղ կանգառն արգելող նշանի տակ կայանված են այս ճոխ ու թանկարժեք մեքենաները, եւ բոլորը ռուսական պետհամարանիշներով: Եթե ՀՀ որևէ շարքային քաղաքացի փորձի իր համեստ մեքենան կայանել այս հատվածում, թեկուզ մի քանի վայրկյանով, օդանավակայանի տարածքում անընդհատ շրջող ճանապարհային ոստիկանները օրենքի ողջ խստությամբ կպատժեն նրան: Սակայն մի քանի ժամ կայանված այս մեքենաների նկատմամբ ճանապարհային ոստիկանները լիակատար անտարբերություն էին դրսևորում:

Ընդ որում, սա ոչ միայն երթեւեկության կանոնների կոպիտ խախտում է, այլ նաև անթաքույց ցինիզմ, քանի որ ընդամենը մի քանի տասնյակ մետր այն կողմ կա ավտոկանգառ, որտեղ ազատ տեղերի պակաս չկա: Ու ընդհանրապես, ռուսական պետհամարանիշներով թանկարժեք մեքենաների «բեսպրեդելը» Երևանում, գնալով ավելի ցայտուն է դառնում: Դրանում համոզվելու համար կարելի է ընդամենը երեկոյան ժամերին շրջել Երեւանի կենտրոնում ու տեսնել, թե ինչպես են այդպիսի մեքենաները կայանվում երկրորդ գծում, խախտում երթեւեկության հնարավոր բոլոր կանոնները… «Մասկովսկի տուսովկաների» այդ «արքաները», որոնք կիսակրիմինալ կիսաբիզնեսմենների մի առանձին խավ են, նախկինում էլ կային, իհարկե: Սակայն Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո նրանք պարզապես հորդեցին Հայաստան:

Բայց «մասկովսկի տուսովկաների» այդ «արքաների» նկատմամբ ՀՀ ոստիկանության լիակատար անտարբերությունը, չգիտես ինչու վարչապետը չի նկատում: Ընդ որում, ի տարբերություն «չստիկների», ու «անթրաշների», այս դեպքում խոսքը կոնկրետ ու ցայտուն իրավախախտումների մասին է, որը շատ հստակ ձևակերպված է մեր օրենսդրության մեջ: Այնպես որ «անթրաշների» ու «չստիկավորների» մասին խոսելիս, թերևս պետք չէ մոռանալ նաև «արքաներին»: Շատ վիճելի է, թե որն է ավելի վատ` մաքուր «թրաշված» ու մի քանի հազար դոլարանոց կոշիկ հագնող «հաբռգած» ցինիկը, թե`«անթրաշ» ու «չստիկավոր» տաքսիստը»:

Լուսանկարը՝ Armtimes.com-ի։ 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս