«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում նախատեսվում է Հայաստանի դիրքի բարելավում
ՀՀ կառավարությունը հունիսի 8-ին հավանության արժանացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախաարարության կողմից մշակված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 190 երկրների միջև հետևյալ 10 ոլորտներում` ընկերությունների հիմնում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում, էլեկտրականության միացում, ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարում, արտաքին առևտուր, պայմանագրերի կիրարկում, սնանկության ճանաչում:
Իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել մի շարք ուղղություններով, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատումներում:
Մասնավորապես, Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակած` «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա վերագնահատված արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը:
Առաջընթաց է արձանագրվել «Վարկերի ստացում» (22 կետով), «Պայմանագրերի կիրարկում» (7 կետով) և «Էլեկտրականության միացում» (9 կետով) ցուցիչների մասով:
Ծրագրի բովանդակությունը ընդգրկուն է՝ նախատեսելով բարեփոխումներ գնահատվող բոլոր ոլորտներում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նպատակն է ապահովել բարեփոխումների անընդհատությունը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ապահովել ՀՀ դիրքի հետագա առաջխաղացումը:
Նախագծով հաստատված հավելվածում սահմանվում են 49 միջոցառումներ:
Նախագծում ներառված միջոցառումների համալիր իրականացման դեպքում ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարձրանա 26-րդ տեղ` արձանագրելով 12 կետ բարելավում:
Նշված միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: