Բաժիններ՝

«Մենք համախմբելու ենք հայկական ինտելեկտուալ կապիտալը՝ հանուն հայկական շահի». Արեգ Գալստյան

Հունիսի 5-ին պաշտոնապես գրանցվեց The Armenian Interest (Հայկական շահ) գիտավերլուծական կենտրոնը։ Կազմակերպության առաքելությունը, ինչպես և կարելի է անվանումից կռահել, հետևյալն է՝ միավորել մարդկանց և գաղափարները հայկական շահերի շուրջ։

Արդեն գործում է The Armenian Interest-ի եռալեզու օնլայն-հարթակը, որտեղ հրապարակվել են այնպիսի հեղինակավոր փորձագետների զեկույցներ, ինչպիսիք են Վլադիսլավ Ինոզեմցևը, Փիթեր Սլագլեթը և այլոք։

Ինչի՞ համար է ստեղծվում այս կառույցը, ի՞նչ խնդիրներ է իր առջև դնելու և ինչպես է հասնելու դրանց լուծմանը։ Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է “The Armenian Interest”-ի հիմնադիր և ղեկավար Արեգ Գալստյանի հետ (Ա. Գալստյանը գիտությունների թեկնածու է և  Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից)։

– Պրն Գալստյան, մի քանի նախադասությամբ կասե՞ք՝ ինչ է The Armenian Interest-ը և ինչի համար է այն ստեղծվում։

Կարդացեք նաև

– The Armenian Interest-ը գիտավերլուծական կենտրոն է, որը կոչված է նպաստելու հայկական շահերի համախմբմանն ու առաջմղմանը: Մեր նպատակն է Հայաստանի և հայության շուրջ տեղի ունեցող, և առհասարակ հայկական շահերին առնչվող գործընթացների ծանրության կենտրոն դարձնել հայկական գործոնը: Այդ նպատակին հասնելու համար մենք համախմբելու ենք հայկական ինտելեկտուալ կապիտալը, համագործակցելու ենք աշխարհի առաջատար փորձագետների և ուղեղային կենտրոնների հետ, ապահովելու ենք գիտական հարթակ փորձագիտական քննարկումների համար:

Հուսով ենք, որ մեզ կհաջողվի տեղեկատվական-վերլուծական տարածությունում հանուն հայության շահերի միավորել հայկական, և ոչ միայն հայկական վերլուծական ներուժը:

– Հայաստանում կան մեծ թվով վերլուծական կենտրոններ, հասարակական կազմակերպություններ և այլ կառույցներ։ Նրանք չե՞ն ցանկանում, թե՞ չեն կարողանում լուծել այն խնդիրները, որ պետք է լուծի AI-ը։

– The Armenian Interest-ը համախմբող կառույց է: Այդ իսկ պատճառով, մենք չենք հակադրում մեզ որևէ այլ կազմակերպության կամ կառույցի: Մենք պատրաստ ենք համագործակցության բոլորի հետ, ովքեր գործում են հանուն ընդհանուր նպատակի և կիսում են մեր տեսլականը: Մենք համախմբվել ենք և պատրաստվում ենք գործել հայակենտրոնության սկզբունքի շրջանակներում: Այս սկզբունքի հետևորդներն, ըստ մեզ, անբավարար են ներկայացված հայկական իրականությունում: Մենք փորձ ենք կատարում փոխել իրավիճակը, քանի որ հայկական շահերը ենթադրում են հայակենտրոն աշխարհայացքի գերակայություն:

– Ե՞րբ որոշեցիք, որ նման կառույցի կարիք կա։

– Նախաձեռնության միտքը առաջացել էր վաղուց: Սակայն մեր կարծիքով, նման ծավալների նախագիծ նախաձեռնելու և իրականացնելու համար հարկ է կուտակել անհրաժեշտ նվազագույն սոցիալական և մտավոր կապիտալ: Մենք գտնում ենք, որ ժամանակի հրամայականն է գլոբալ տարածությունում հայկական ընդհանուր շահի ձևավորման ու պաշտպանության գործուն կազմակերպության գոյությունը:

– Կարելի է ասել, որ դուք զբաղվելու եք այն հարցերով, որոնք գտնվում են տարբեր պետական կառույցների գործունեության տրամաբանության շրջանակներում։

– Ինչպես արդեն նշեցինք, մեր կազմակերպության նպատակը հայկական շահերի առաջմղումն է: Այդ նպատակի իրականացման համար մենք միտված ենք համախմբելու դաշտում առկա ամբողջ ներուժը: Այդ ճանապարհին մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական բոլոր կառույցների և անհատների հետ, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ ընդհանուր գործում:

Ավելին՝ պատրաստ ենք աջակցել ցանկացած նախարարության կամ այլ կառույցի, որն իր նպատակներում հետապնդում է հայկական շահերի պաշտպանությունն ու առաջխաղացումը: Մենք այն կարծիքին ենք, որ ընդհանուր համազգային նշանակություն ունեցող հարցերում հայության տարբեր հատվածների միջև չկան և չեն կարող լինել մրցակցային ընկալումներ:

– Ո՞րն եք համարում ամենակարևոր խնդիրը, որը պետք է լուծեք AI-ի կայացման ճանապարհին։ Ֆինանսները՞, մտածելակերպն ու ստերեոտիպերը՞, թե այլ բաներ էլ կան։

– Մեր ամենակարևոր խնդիրը հայ մարդու մտածելակերպում միասնական շահի գիտակցության ծիլերի ամրապնդումն է: Մտածելակերպի, աշխարհայացքի, մոտեցումների արդիականացումը, ինքնության գիտակցումը, համախմբման ձգտումը և մի շարք այլ էթնոպահպան գործառույթներ առաջնային կարևորություն ունեն հայկական շահի ձևավորման ու պաշտպանության տեսակետից: Այդ առումով կարելի է պնդել, որ The Armenian Interest-ը բազմակողմանի գործունեության ասպարեզ և առաջարկ է հայ մարդուն՝ ինքնաճանաչման ու ժամանակին համընթաց քայլելու համար:

– AI-ը անդրադառնալու՞ է Հայաստանի ներքաղաքական թեմաներին, թե հիմնական շեշտը դրվելու է գլոբալ, արտաքին թեմաների վրա։

– Մենք լավ ենք հասկանում, որ առանց ներքաղաքական գործընթացների բազմակողմանի վերլուծության հնարավոր չէ ներկայացնել հայկական տեսակետը միջազգային հարաբերություններում: Սակայն մենք նաև հայտարարել ենք, որ ցանկանում ենք հայկական շահերի տրամաբանության շրջանակներում համախմբել բոլորին:

Մենք ապաքաղաքական կառույց ենք, ոչ մի ուժի նկատմամբ չունենք համակրանք: Մեր հիմնական մոտեցումը հայակենտրոնությունն է:

– Կա՞ն արդյոք նախնական պայմավորվածություններ փորձագետների հետ։

– Այո, առկա են մի շարք պայմանավորվածություններ տարբեր երկրների առաջատար փորձագետների հետ: Նրանց շարքում կան ինչպես ազգությամբ հայ, այնպես էլ այլազգի նշանակալի գործիչներ: Մեր գործունեության ընթացքում նախատեսում ենք ներկայացնել ամենատարբեր տեսակետներ ու մոտեցումներ, որոնք այս կամ այն կերպ նպաստելու են մեր կազմակերպության առաքելության, նպատակի և խնդիրների իրականացմանը:

– Ի՞նչ պարբերականությամբ են թարմացվելու կայքի նյութերը։

– Թարմացվելու են՝ ըստ նյութերի պատրաստման ժամանակացույցի, ինչպես նաև արդիականության, օրակարգի և օբյեկտիվության ցուցանիշների: Տարբեր ժամանակային կտրվածքում կարող են այդ ցուցանիշները տարբերվել: Ամեն դեպքում, մեր կազմակերպության աշխատանքում հաշվի են առնվելու ժամանակի բոլոր հրամայականները:

– Լինելու՞ է մշտական աշխատակազմ։ Քանի՞ հոգանոց։ Որտեղ է լինելու գլխավոր գրասենյակը։

– Այո, The Armenian Interest-ը արդեն իսկ ունի մշտական աշխատակազմ: Այն մեծաքանակ չէ, բաղկացած է միայն նվիրյալներից: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվելու է Երևան քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս