«Ադրբեջանի նպատակը ոչ թե Արցախն է, այլ…». Լարիսա Ալավերդյան

«Նրանց աչքը լույս, ովքեր աշխատելու են այդտեղ, դա մեզ ոչինչ չի տա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի այն հայտարարությանը, թե արցախյան հակամարտության գոտում ԵԱՀԿ գրասենյակի միջազգային դիտորդների թիվը 7-ով կավելանա՝ նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ըստ Ալավերդյանի՝ դա ավելի շուտ կոսմետիկ բնույթ է կրում. «Արդյո՞ք այս կազմին գումարած 7-ը պետք է տա որակական փոփոխություն. ո՛չ։ Այս առաքելության կարևորագույն խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ կարծես թե մոռացության է տրվել։ Դեռ երկու տարի առաջ ԱՄՆ կոնգրեսմեններն առաջարկեցին, որ պետք է անպայման լինի տեխնիկական միջոցառում՝ անվտանգության մեխանիզմների ներդրում, հետո՝ Սանկտ Պետերբուրգում, ապա՝ Վիեննայում այդ հարցը նորից բարձրացվեց, հիմա դա թողնվել է մի կողմ և դրվել է այնպիսի խնդիր, որը որևէ առումով չի կարող փոխել որակը»։

Նրա խոսքով՝ եթե չկան հսկողության կարևորագույն մեխանիզմները, ապա 7 թե 17 հոգի կլինի, դա չի փոխում խնդիրը. «Դուք տեսե՞լ եք, որ ԵԱՀԿ համանախագահները գնան շփման գիծ, և մի անգամ խախտվի զինադադարը։ Մի անգամ միջադեպ եղավ, բայց ասացին, որ թույլ չեն տվել մտնել այդ տարածք, զինադադարի խախտում չի եղել։

Դիտորդները կարող են ինչ-որ հարցեր լուծել, եթե նրան տրվել են լիազորություններ՝ ստուգելու համար։ Եթե լիազորությունները նույնն են, տեխնիկական հնարավորությունները նույնն են, առաքելությունը չունի այդ կամքը կամ հնարավորությունը՝ ավելի հստակեցնել, թե մեղավոր կողմի նկատմամբ ինչ պետք է առաջարկեն միջազգային հանրությանն անել, ապա 7 հոգու ավելացումը սկզբունքային նշանակություն չի ունենա»։

Լ. Ալավերդյանը նաև նկատեց՝ Ադրբեջանը խնդիր ունի ցույց տալ, որ իր համար որևէ նշանակություն չունի ԵԱՀԿ Մինսկի խումբը.

«ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի փակումը նույն նպատակն ունի. Ադրբեջանը հանդես է գալիս՝ որպես կողմ, որը ոչ մի բանի հետ հաշվի չի նստում, և գտնում է, որ այդ բոլոր հարցերը պետք է գնան, օրինակ՝ ՄԱԿ։ Նա տարիներ շարունակ պնդում է, որ ԵԱՀԿ-ն ու նրա կողմից ստեղծված Մինսկի խումբը, համանախագահները, Կասպրչիկի խումբն իր համար հեղինակություն չեն։ Ադրբեջանն ասում է, որ ինքն է այստեղ տերը, բանակցությունները պետք է սուբստանտիվ ընթանան»։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի կողմից որդեգրված ագրեսիվ քաղաքականությունը որևէ առումով չի փոխվում.

«Ադրբեջանի այսօրվա իշխանությունն ու քաղաքական էլիտան մտադրություն չունեն փոխել իրենց քաղաքականությունը, ընդհակառակը՝ ամեն օր շրջանառության մեջ են դնում նոր փաստաթուղթ, փորձագիտական եզրակացություն, որն ուղղված է ոչ թե Արցախի հարցի լուծմանը, այլ Հայաստանին պատժելուն։ Ադրբեջանը վաղուց փոխել է իր նպատակը, նա համարում է, որ, այսպես թե այնպես, Արցախը բռնակցելու է անօրինական ձևով, և չի թաքցնում դա։

Հյուծող պատերազմի մեթոդները հենց դրա մասին են խոսում. նա ստեղծում է մթնոլորտ, որտեղ տեսնում է, որ նախ և առաջ՝ իրենց ոչ ոք չի կարող պատժել, թեև նա խախտում է զինադադարը կոպտորեն, որևէ մեկը, ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ Հայաստանը, չի դարձրել այդպիսի կոպիտ խախտումները որևէ քաղաքական օրակարգի հարց։ Դա է խնդիրը։ Եվ Ադրբեջանը տեսնելով այդ անպատժելիությունը՝ ավելացնում է էսկալացիան»։

Ալավերդյանն ընդգծեց՝ ՄԽ համանախագահների համար պարզ է, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը. «Դա տրամաբանորեն է պարզ. Համարվում է, որ Հայաստանի և Արցախի համար ստատուս-քվոն դրական տարբերակ է, իսկ Ադրբեջանի համար դա նեգատիվ, տանուլ տված դաշտ է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս