«Արցախի Դրամատիկական թատրոնի շենքը փտում է, քանի որ տակով ջուր է հոսում»

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մերժել է Ստեփանակերտում ակադեմիայի մասնաճյուղ բացելու մասին Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի առաջարկը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արամ Իսաբեկյանը՝ խոսելով օրերս Արցախում մշակութային գործիչների և պետական այրերի հետ հանդիպման մասին:

«Տասը տարի առաջ դեռ այդ միտքն ունեի, բայց այն ժամանակ դա հնարավոր չէր: Ես կարծեցի, որ հիմա արդեն եկել է ժամանակը: Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ասացի այդ մասին, բայց նա ասաց, որ առայժմ սպասենք, դեռ ժամանակը չէ, ես հասկացա և ընդունեցի, բայց մենք նաև պայմանավորվեցինք, որ մեր ուսանողները հաճախ կայցելեն Արցախ, ցուցահանդեսներ կկազմակերպեն, և այլն»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ իրենց միությունը միակն է Հայաստանում, որի անդամներն են նաև արցախցի գրողները, և այդ առումով իրենց բոլոր ծրագրերում ներառվում են նաև Արցախի գրողները:

«Արցախում հանդիպման ընթացքում ես ելույթ ունեցա՝ հայտնելով իմ դիտարկումները տարբեր հարցերի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում, Սփյուռքում և Արցախում ապրում են երեք տարբեր իրավիճակներում: Այս խնդիրը մեզանում կարծես թե լուրջ քննարկման չի ենթարկվում:

Արցախում հատկապես քառօրյա պատերազմից հետո լարվածության մակարդակը բարձր է, մարդիկ զգում են, որ պատերազմը հեռու չէ, այդ հոգեվիճակով են ապրում: Հայաստանյան իրողությունը դուք ավելի լավ գիտեք: Իսկ Սփյուռքը, հեռու լինելով, տարբեր երկրների հոգեվիճակների մեջ է, և նրա հարաբերություններն Հայաստանի և Արցախի հետ դիտարկվում են Ցեղասպանության, քրիստոնեության և Արցախի խնդրի սյուների վրա: Մենք այս երեքը սոսնձելու և գաղափարական ոգով լցնելու մեկ ճանապարհ ունենք՝ մշակույթը, որը պետք է տարածենք»,- ասաց Է. Միլիտոնյանը՝ հավելելով, որ առաջարկել է գալիք տարին հայտարարել գրականության տարի:

«Մենք պետք է կարողանանք մշակույթի միջոցով մեր խնդիրներն առաջադրել, այլ ոչ թե միայն քաղաքական, կամ Եվրախորհրդում ու այլուր գոռգոռոցներով և չգիտեմ՝ ինչերով: Մենք պետք է բոլոր պարամետրերով կարողանանք աշխարհի հետ խոսել, մանավանդ՝ մշակույթի լեզվով»,- հստակեցրեց նա:

Իսկ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նկատեց՝ Արցախը մշակույթի պակաս չունի.

«Բակո Սահակյանի հետ զրույցում իմացանք, որ Արցախի բնակչությունը, թեկուզ փոքր թվով, բայց աճել է: Բայց արցախցին այսօր չի կարողանում իր մշակույթը, իր ստեղծածը տարածել: Արցախի մշակույթի պալատը տարվա մեջ առնվազն 300 միջոցառում է անցկացնում: Պետք է մտածել՝ այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ տեղի արվեստագետները զարգանան: Եթե Եվրոպայում հայտարարում են, որ արցախցիներն ինչ-որ միջոցառման են մասնակցելու, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի դա: Ճնշում են գործադրում տվյալ կազմակերպությունների վրա»:

Հաջորդ խնդիրը, ըստ նրա՝ Արցախի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքն է, որը «հրաշալի մի կառույց է, բայց փտում է, քանի որ տակով ջուր է հոսում». «Արթուր Մեսչյանը մի շատ լավ նախագիծ է արել՝ այդ շենքը վերականգնելու ու նոր հատվածներ ավելացնելու, բայց այդ նախագիծն իրականացնելու համար մոտ 7 մլն դոլար է պետք, իրենք, բնականաբար, չունեն դա: Ես այնտեղ էլ ասացի, որ, եթե այսօր զենք է պետք առնել, ուրեմն այդ գումարը թող գնա զենքի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս