ՀՀԿ-ի առաջիկա համագումարում հնարավոր են ղեկավար կազմում փոփոխություններ. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` համագումարը չի լինելու նախընտրական բնույթի, այլ լինելու հաշվետու, ինչից հետո անմիջապես կուսակցությունը կսկսի նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին:
«Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար: Նախատեսվում են փոփոխություններ և ծրագրում, և կանոնադրության մեջ: Չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն նաև ղեկավար կազմում: Դա մշտական գործընթաց է»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ կուսակցության ԳՄ նիստը վարել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր: