Եվրամիության համբերությունը սպառվում է. ԱՄՆ-ն և ԵՄ երկրները վերջնագիր են ներկայացրել Ռուսաստանին
Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանին Սիրիայի հարցում որդեգրած դիրքորոշման համար:
Համապատասխան հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
«Ռուսաստանի վրա ծանր բեռ է ընկած, որպեսզի ապացուցի, որ ցանկանում է և կարող է ձեռնարկել արտակարգ միջոցառումներ՝ վերսկսելու դիվանագիտական ջանքերը՝ ուղղված Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցմանը, մատչում տրամադրի մարդասիրական օգնությանը ու պայմաներ ստեղծի, որոնք անհրաժեշտ են ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական անցման բանակցությունների վերսկսման համար»,- ասված է փաստաթղթում:
Արտգործնախարարներն իրենց վրդովմունքն են հայտնել Հալեպում մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակման առնչությամբ, քիմիական զենքի կիրառման կապակցությամբ:
Բացի այդ՝ Հալեպի արևելքում Ասադի ռեժիմի հարձակումը Ռուսաստանի աջակցությամբ «ակնհայտորեն հակասում է Ռուսաստանի հայտարարություններին այն մասին, թե աջակցում է Սիրիայի խնդրի դիվանագիտական լուծմանը»:
Վերոնշյալ երկրներն ու Մոգերինին կոչ են արել Ռուսաստանին «արտակարգ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի վերականգնվի հավատը համատեղ ջանքերի նկատմամբ, այդ թվում՝ սեփական ժողովրդին սիրիական ռեժիմի ոչ ընտրողաբար ռմբակոծությունների դադարեցման միջոցով»:
«Մենք դարձյալ հաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի ոչնչացման գործին և կոչ ենք անում Ռուսաստանին իրականացնել իր խոստումն ու իրականում կենտրոնանալ դրա վրա»,- ասված է փաստաթղթում:
«Համբերությունը Ռուսաստանի շարունակական անկարողության կամ իր պարտականությունների չկատարման նկատմամբ անսահման չէ: Այդ պատճառով կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շտապ ձեռնարկել հավելյալ միջոցառումներ՝ ի պատասխան այդ հակամարտության դաժանության և մասնավորապես Հալեպի վրա հարձակման համատեքստում»,- ասված է համատեղ հայտարարության մեջ: