Բան Կի-մունը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտություն հայտնեց իր պաշտոնավարման ընթացքում կազմակերպության աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար և ընդգծեց, որ Հայաստանի դիվանագիտությունը շատ տեսանելի և կառուցողական դերակատարություն է ծավալել միջազգային ասպարեզում, ոչ միայն իր առաջնայնությունների առումով, այլև ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ արդյունավետ համագործակցությունը, ու շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա առաջնորդության, նախաձեռնությունների և գործադրած ջանքերի համար՝ ուղղված ՄԱԿ-ի կանոնադրության արժեքների, նպատակների ու սկզբունքների առաջ մղմանը։
Զրուցակիցները քննարկեցին ՄԱԿ-ի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Բան Կի-մունը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հեղինակած գիրքը, որում ամփոփված է վերջին տաս տարիներին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա գործունեությունը։