«Տարօրինակ էր, երբ ոչ մեկը չէր հետաքրքրվում՝ ինչո՞ւ է Գագիկ Բեգլարյանը զբաղվում հեռահաղորդակցությամբ». Կարեն Վարդանյան

«Արդեն ոչ թե տրանսպորտն է զբաղվելու տեղեկատվական տեխնոլոգիաներով, այլ տեղեկատվական տեխնոլոգիաները՝ տրանսպորտով»,- 168.am-ի հետ զրույցում ծիծաղով հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ խոսելով կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությունների մասին։

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններով, հիշեցնենք, Տրանսպորտի և կապի նախարարությունը վերանվանվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Ըստ Կ.Վարդանյանի՝ առավել տարօրինակ էր, երբ ոչ մեկը չէր հետաքրքրվում, թե ինչո՞ւ է Գագիկ Բեգլարյանը զբաղվում հեռահաղորդակցությամբ, իսկ երբ մի գրագետ մարդ է նշանակվել այս նախարարության ղեկավար, բոլորը հարցնում են, թե հեռահաղորդակցության ոլորտի մասնագետն ինչպե՞ս է զբաղվելու տրանսպորտով։

«Ընդհանրապես ճիշտ կլիներ տրանսպորտն առանձնացնել ու էներգետիկայի կամ էկոնոմիկայի հետ միացնել, և ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և ինովացիաների զարգացման նախարարություն, որովհետև ինովացիաները հիմնականում կապված են կամ ՏՏ, կամ հեռահաղորդակցության զարգացման հետ։ Ու դա ավելի ճիշտ կլիներ։ Սակայն, երևի որոշել են դեռ այդքան մեծ փոփոխություններ չանել, տրանսպորտն առայժմ թողել են, բայց ես հուսով եմ, որ տրանսպորտն ի վերջո կմիացնեն մեկ այլ կառույցի հետ»,- ասաց Կ.Վարդանյանը։

Անդրադառնալով նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին՝ Կ.Վարդանյանը նշեց, որ նա իրենց գործընկերն է. «Մեր միության անդամ կազմակերպության ղեկավար է եղել, այսինքն՝ մեր խնդիրները գիտի, և ես հույս ունեմ, որ դրական փոփոխություններ կլինեն։ Կապրենք՝ կտեսնենք»։

Տեսանյութեր

Լրահոս