Արմեն Ռուստամյանը կոչ է անում «զարգանալ չզիջելով» կարգախոսով
Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՅԴ-ի քաղաքական հավաքը՝ ի զորակցություն Արցախի պետականության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, դաշնակցականներ ու կուսակցության համակիրներ:
Միջոցառումը սկսվեց ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հարգող 1 րոպե լռությամբ:
Հավաքի ընթացքում ելույթ է ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այսօր մեր երկրորդ հայկական պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, 25-րդ տարեդարձն է: Դաշնակցությունը ավանդույթ է դարձրել այս տոնը նշել հրապարակային, ժողովրդի հետ միասին: Այս տարեդարձը առանձնահատուկ է ոչ միայն նրանով, որ հոբելյանական է, այլ նախ և առաջ նրանով, որ տեղի է ունենում մեր երկու հայկական պետությունների համար գերլարված, ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներով հագեցած մի չափազանց պատասխանատու ժամանակաշրջանում:
Ուստի այսօր առավել քան երբևէ պահանջվում է անկեղծ ու սթափ գնահատել մինչև հիմա մեր ստացածն ու կորցրածը, արժևորել մեր ձեռքբերումները, սրբագրել մեր սխալներն ու բացթողումները, չերկնչել առկա վտանգների ու սպառնալիքների հանդեպ և վերահաստատելով համազգային մեր ուխտը՝ գնալ առաջ:
Պատմական այս հանգրվանում հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախությունը և վերադարձրեց կորսված հայրենիքի մի հատվածը: Սա է այն գլխավոր պատմական ձեռքբերումը, որ մեր սերունդը պարտավոր է աչքի լույսի պես պահել և փոխանցել հաջորդ սերունդներին»,- ասաց Ռուստամյանը:
Պատգամավորը հավելեց, որ անցած 25 տարիները աներկբայորեն փաստում են, որ մեր սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու, մեր ազգային նպատակներից չշեղվելու գլխավոր պայմանը «Զարգանալ չզիջելով» կարգախոսով առաջնորդվելն է: «Սա է դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը: Հակառակը հեշտ է, բայց կործանարար: Քանզի եթե շարունակաբար զիջենք մեր շահերը, իբր որ կարողանանք զարգանալ, էլ շահ չի մնա ոչ միայն զարգանալու, այլ որևէ այլ բանի համար»:
ՀՅԴ քաղաքական հավաքի ժամանակ միջոցառման ժամանակ 200-ից ավելի անձինք` տարբեր տարիքի, հանիսավոր երդվեցին եւ համալրեցին կուսակցության շարքերը: