ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Բաթումի քաղաքապետը քննարկել են Վանաձորի ու Երևանի հետ համագործակցությունը
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը օգոստոսի 22-ին հանդիպում է ունեցել Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայվրացական փոխհարաբերությունների շրջանակում քույր քաղաքներ Բաթումի և Վանաձորի, ինչպես նաև Երևանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, երկուստեք կարևորվել է առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցության, ենթակառույցների բարելավման, ներդրումային ծրագրերին փոխադարձ մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում: Այդ համատեքստում գլխավոր հյուպատոս Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումները և առկա ներդրումային հնարավորությունները:
Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերություններ զարգացման և ամրապնդման գործում: