Կստեղծվի «Oրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ
ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կից կստեղծի «Oրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ: Դրա գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Տիգրան Մարկոսյանը: Այս հարցը վաղը կքննարկվի կառավարության նիստում:
Հիմնադրամը զբաղվելու է օրենսդրության մշակմամբ ու դրա համար վերլուծությունների իրականացմամբ: Ունի ռազմավարական նշանակություն իրավական պետության կայացման խնդիր ունեցող Հայաստանի Հանրապետության համար և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարևորագույն գործառույթներից մեկը: Ըստ նախագծի՝ օրենսդրության զարգացումը համարվում է պետության առանցքային խնդիրներից, և առավել նպատակահարմար է այն իրականացնել համապատասխան գիտական ներուժ ունեցող կառույցի միջոցով, որը կիրականացնի բացառապես օրենսդրության զարգացմանն ուղղված գործունեություն:
«Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրության մշակումից, հաստատումից և կիրառման մեջ դնելուց հետո դրա նկատմամբ որևէ մշտադիտարկում չի իրականացվում: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում դեռևս գործում են այնպիսի իրավական ակտեր, որոնք ընդունվել են Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծումից անմիջապես հետո, և ոչ միայն՝ համահունչ չեն արդի օրենսդրության պահանջներին, այլև հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին և այլ իրավական ակտերին: Իրավիճակն ավելի բարդացավ՝ ՀՀ Սահմանադրության 2015 թվականին տեղի ունեցած փոփոխություններից հետո, որից հետո լրացուցիչ անհրաժեշտություն առաջացավ ՀՀ օրենսդրական դաշտը համապատասխանեցնելու ՀՀ Սահմանադրության պահանջներին»,- ասվում է որոշման նախագծում:
Նկատենք, որ այս նույն խնդրի լուծման նպատակով դեռ 2011 թ.-ին մեկնարկել էր Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը՝ Արմեն Եղիազարյանի ղեկավարությամբ: Կենտրոնն այս ընթացքում միլիոնավոր գումարներ է ծախսել՝ օրենսդրության վերանայման համար, այդ թվում՝ Ավստրիայի զարգացման զարգացման գործակալության կողմից ավելի քան 1 մլն եվրո աջակցություն էր ստացել: