«Գյուղացուն թալանում են». ահազանգում է Հրաչ Բերբերյանը

Շիրակում, Արարատում, Արմավիրում ցորենը գյուղացուց գնում են 110-120 դրամով, իսկ Վարդենիսում դրա գինը հասել է 90 դրամի, ինչը մեզ շատ է մտահոգում է: Այս մասին քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի ֆերմերների հետ հանդիպում ունեցած Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա նշեց, որ վարդենիսցիների տրամադրությունը շատ վատ է. «Այդ մարդիկ ամբողջ տարին աշխատել են: Այն ժամանակ գյուղացուց կաթն էին էժանով գնում, հիմա էլ՝ ցորենը: Գյուղացին օրենքով պաշտպանված չէ, ու վերամշակող կազմակերպությունները նրա հաշվին իրենց ձեռքերն են տաքացնում: Այն հանձնաժողովները, որոնք նպատակաուղղված են գյուղացուն պաշտպանելու, որևէ հարց չեն լուծում, ընդհակառակը՝ այն մարդկանց կողմից են, ովքեր թալանում են գյուղացուն»:

Հրաչ Բերբերյանը նկատեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ մեկ կիլոգրամ հացը վաճառում են 450 դրամով, իսկ ցորենն այդքան էժանով են ձեռք բերում.«Վերամշակող կազմակերպությունները գյուղացու հաշվին գերշահույթ են ստանում: Հացի գինը թող էժանացնեն, այսօրվա մեր հաշվարկներով՝ հացի գինը 250 դրամից չպետք է անցնի, բայց մինչև 450-500 դրամով են վաճառում: Կազմակերպված գյուղացու թալան է գնում:

Գյուղացուց էժան գնով վերցնում են, քաղաքացու վրա թանկ գնով վաճառում: Եթե ճիշտ մոտեցում լինի, մթերումների հետ կապված որևէ խնդիր չի լինի»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ եթե գերշահույթներ էին ստանում, թող բարի լինեին՝ ժամանակին պետությանը հարկեր վճարել, կամ էլ խաղողը գյուղացիներից ոչ թե՝ 50-80 դրամով ձեռք բերեին, այլ՝ 200 դրամով. «Լուրջ վտանգ ենք տեսնում նաև խաղողի մթերման հարցում, քանի որ այսօրվա դրությամբ դեռ նախորդ տարվա գումարները չեն վճարել: Էլ չեմ ասում հայտարարված կեղծ թվերի մասին»: Նրա խոսքով՝ մի ծիծաղելի փաստ էլ կա.

«Այս  կիսամյակում 7800 տոննա տոմատի մածուկ ենք ներկրել հանրապետություն, ինչն ուղղակի անընդունելի է: Հայտարարում ենք մթերման, արտահանման լուրջ թվեր, բայց փաստը մնում է փաստ, որ մենք տոմատի մածուկ ենք ներկրում»:

Տեսանյութեր

Լրահոս