Բաժիններ՝

Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է բացվել

Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում օգոստոսի 21­-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը եւ օծումը՝ ձեռամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։ Այս մասին «Արմենպրես»­-ին տեղեկացրին Շվեդիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Հանդիսավոր արարողությունը ուղեկցվեց պատարագով և եկեղեցու մկրտության ավազանի օծման արարողությամբ։

Արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Սյոդերթելյեի քաղաքապետ Բոել Գոդները (Boel Godner), Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը։ Ներկա էին նաև Շվեդիայի պետական մարմինների և քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Շնորհավորելով ներկաներին Շվեդիայում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված առաջին խաչքարի բացման կապակցությամբ՝ դեսպան Ապիտոնյանը նշեց, որ այն կրոնական և մշակութային արժեք լինելուց զատ, խորհրդանշում է Շվեդիայի հայ համայնքի հավատարմությունը ազգային արմատներին և ինքնությանը, ինչես նաև վճռականությունը հետամուտ լինելու հայ ժողովրդի անավարտ դատին՝ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը և դատապարտմանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս