«Այսօրվանից ունենք լուրջ խնդիր՝ «Սասնա ծռերի» առողջության հետ կապված». Ինեսսա Պետրոսյան
«Սասնա ծռեր» խմբի 5 անդամների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ այսօր եղել է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում ու ականատես է եղել մի խնդրի, որն իրեն շատ է մտահոգել և հուզել, և որը նա գնահատեց՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում.
«Էրեբունի բկ-ի կողմից նշանակված հերթապահությունն այսօր հանվել է: Այսինքն՝ այն բուժակը, որն օգնություն էր ցույց տալիս 7 հիվանդներին, որոնք տեղափոխվել էին Էրեբունիից ու համարվում էին այդ բժշկական կենտրոնի հիվանդները, ու անմիջական հսկողություն էր անհրաժեշտ, որովհետև հենց իրենք գիտեն՝ յուրաքանչյուրն ինչ վնասվածք ունի, այսօրվանից այդ հերթապահությունը հանված է, այսօրվանից ունենք լուրջ խնդիր նրանց առողջության հետ կապված: Մենք կպատրաստենք բողոքներ ու դիմումներ: Այդտեղ գտնվող 7 անձինք էլ ունեն վիրահատությունների կարիք, ընդ որում՝ դրանք պլանային, շարունակական վիրահատություններ պետք է լինեն»: