«Քրեական գործը քաղաքական հաշվեհարդար տեսնելու քայլ էր». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իր նկատմամբ տեղի ունեցածն ամբողջովին ապօրինի էր. «Բացառապես քաղաքական հետապնդում էր: Ինքներդ տեսել ու արձանագրել եք՝ մենք ինչ ենք արել, սադրիչներն ովքեր էին, իշխանությունների հետ ինչ կապ ունեին, ոստիկանապետի թիկնազորի ներկայացուցիչը՝ քարը ձեռքին,ւնեցածը ինչ օպերատիվ ծառայություն էր այնտեղ իրականացնում, քաղաքացիական անձանց խմբավորումներ էին ոստիկանների ետևում գործում՝ ձեռքներին տարբեր տեսակի ձողեր: Ձեր նկարած կադրերի շնորհիվ ապացուցվել է ոչ միայն իմ, այլև մյուս քաղաքական բանտարկյալների անմեղությունը»:

Նրա խոսքով՝ քրեական գործը քաղաքական հաշվեհարդար տեսնելու քայլ էր, ոչ ավելին. «Այդ օրը մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել հրահրումներն ու սադրանքները բացառելուն: Մեր քայլն ընդամենը հոգեբանական ճնշումն էր իշխանությունների վրա, որպեսզի ուժային գործողություններ չիրականացվեն «Սասնա ծռերի» ներկայացուցիչների նկատմամբ, և եթե չլինեին ոստիկանների գործողությունները, որևէ խնդիր այդտեղ չէր լինի»:

Արմեն Մարտիրոսյանի իրավապաշտպան, փաստաբան Գարիկ Մալխասյանն էլ նշեց, որ այդ օրը երթը եղել է խաղաղ, ինչը փաստվել է բազմաթիվ լրատվամիջոցներում առկա տեսագրություններով. «Այստեղ խնդիրն այն է, թե ինչ նպատակ է հետապնդել Ոստիկանությունը: Ոստիկանությունը նպատակ է հետապնդել՝ իր կարծիքն արտահայտող որոշակի զանգվածի ճնշել, վախեցնել, ստիպել, որ նման բաներ այլևս չկրկնվեն, ինչի արդյունքում՝ տեղի է ունեցել զանգվածային անկարգություն կոչեցյալը: Եղել են սադրիչներ, որոնք հրահրել են այդ անկարգությունը և առիթ տվել Ոստիկանությանը, որ ուժ գործադրի խաղաղ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ: Ընդ որում՝ հատկանշական է այն հանգամանքը, որ Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել այդ զանգվածային անկարգություններից առաջ, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ դա պլանավորված գործողություն է եղել»:

Տեսանյութեր

Լրահոս