Հայաստանն ու Բելգիան ավիաընկերությունների համար կապահովեն ազատ մրցակցային դաշտ
Հայաստանի և Բելգիայի Թագավորության կառավարությունների միջև կկնքվի օդային հաղորդակցությունների մասին նոր hամաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 18-ի նիստի օրակարգում:
«Նախագիծը բաղկացած է 25 Հոդվածից և Հավելվածից: Հոդվածներով հիմնականում սահմանվում և կարգավորվում են միջազգային օդային փոխադրումների իրականացման համար նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային և ավիացիոն անվտանգության պահանջների պահպանման դրույթները, սակագների ձևավորման, արդար մրցակցության, ավիաընկերությունների միջև կոմերցիոն համագործակցության վերաբերյալ դրույթները, կիրառվող օրենքները, տարաձայնությունների լուծման կարգը: Համաձայնագրի Հավելվածով սահմանվում են յուրաքանչյուր կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործման համար համաձայնեցված հաղորդակցությունների երթուղիների ցանկը և առնչվող դրույթները», նշված է հիմնավորման մեջ:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը թույլ կտա ընդլայնել հայբելգիական համագործակցությունն ավիացիայի ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հաշվի առնելով վերոգրյալը`ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր համաձայնագրի կնքումը համարում է նպատակահարմար:
Ներկայում Հայաստանի և Բելգիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունները կարգավորվում են օդային փոխադրումների մասին համաձայնագրով, որը ստորագրվել է 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում և ուժի մեջ է մտել 2003 թվականի նոյեմբերի 1-ից: Համաձայնագիրը մշակվել է մինչև 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարության կողմից «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումը, ուստի արդիական չէ և չի համապատասխանում այդ քաղաքականության սկզբունքներին: