Ինչպես դիմակայել շոգին. խորհուրդներ առողջապահության պատասխանատուներից

Շոգ եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Ամենաշոգ ժամանակահատվածը Արարատյան դաշտի համար համարվում է հուլիսի 3-րդ տասնօրյակը և օգոստոսի առաջին տասնօրյակը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է շոգին դիմակայելու մի քանի խորհուրդ:

Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է նաև վարակիչ հիվանդությունների տարածման վրա, ինչը մի կողմից պայմանավորված է հիվանդությունների փոխանցողների բազմացման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, մյուս կողմից` այն հանգամանքով, որ հիվանդությունների հարուցիչները արտաքին միջավայրում երկար ժամանակ կարող են պահպանել իրենց կենսունակությունը, ի տարբերություն տարվա ցուրտ եղանակի: Մանրէներն ինտենսիվ են բազմանում նաև դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ, կամ ջուրը ճահճացած է):

Ամռան ամիսներին մեծանում է նաև սննդային թունավորումերի առաջացման և տարածման վտանգը` կապված արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, փաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ-հավ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չսահմանված վայրերում կատարվող վաճառքի հետ: Առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, որը կարող է պատճառ հանդիսանալ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացմանն ու տարածմանը:

Շոգ եղանակին զգալի ավելանում է մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների վտանգը` խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով:

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է`

  • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
  • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,
  • անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
  • ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
  • օգտագործել սովորականից շատ հեղուկ (մոտավորապես 3 լիտր օրական) (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),
  • չչարաշահե´լ կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
  • արգելվո´ւմ է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
  • պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
  • այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան,
  • սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,
  • ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
  • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
  • չգնել տեղում պատրաստվող լցովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ և հյութեր,
  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
  • սննդամթերքը պահել փակ տարողություններում և պատշաճ ջերմային պայմաններում,
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, լավ եփել կամ տապակել սնունդը` 700 ոչ պակաս,
  • Արգելե´լ երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար: Լող չկազմակերպե´լ նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է) հատվածներում:

Տեսանյութեր

Լրահոս