Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 6-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ:
Իշխանաձոր գյուղում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջվարչակազմի եւ հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:
Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ընդհանուր ծավալով 2014 թվականից ի վեր Քաշաթաղի շրջանը մեր հանրապետությունում զբաղեցնում է առաջին տեղը: Նախագահն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի ավարտից հետո ԼՂՀ որեւէ շրջանում երբեւիցե չի հավաքվել 2016 թվականին Քաշաթաղում հնձված հացահատիկային մշակաբույսերի ծավալը գերազանցող համախառն բերք:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը հետագա տարիներին եւս բարձր բերքատվություն ապահովելու ուղղությամբ:
Այնուհետեւ Բակո Սահակյանը մասնակցել է Իշխանաձոր գյուղում կառուցված նոր բնակելի թաղամասի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը, ինչպես նաեւ ներկա գտնվել երիտասարդ զույգերի հարսանյաց հանդեսին:
Նախագահն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը, այստեղ ժողովրդագրական իրավիճակի հետեւողական բարելավումը Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման առանցքային բաղադրամասերից է եւ շարունակելու է մշտապես լինել իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: